Հոկտեմբերի 8-ին Աջարայիում տեղի ունեցած Գերագույն խորհրդի ընտրություններում 5 տոկոսի շեմը հաղթահարել է 4 քաղաքական ուժ։ Գերագույն ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, համամասնական ընտրակարգով անցկացված ընտրություններում «Վրացական երազանք»-ը ստացել է քվեների 45 տոկոսը, «Միացյալ ազգային շարժումը»՝ 29,68, «Նինո Բուրջանաձե-Ժողովրդավարական Վրաստան»՝ 5,9, իսկ «Հայրենասերների դաշինք»-ը՝ 5,72:
Ինչ վերաբերում է Գերագույն խորհրդի մեծամասնական ընտրակարգով ընտրություններին, Աջարայի 6 ընտրատարածքներում երկրորդ փուլ անցկացնելու անհրաժեշտություն է առաջացել․Մեծամասնական թեկնածուներից ոչ մեկը 50 տոկոսից ավել ձայն չի հավաքել:
Գերագույն ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, «Վրացական երազանք»-ի մեծամասնական թեկնածուները բոլոր ընտրատարածքներում առաջատար դիրքերում են:
Հիշեցնենք՝ Աջարայի օրենսդիր մարմնում 21 մանդատ կա: Այստեղից 15 պատգամավոր ընտրվում է համամասնական ընտրացուցակով, իսկ 6-ը՝ մեծամասնականով:
Նախնական տվյալներով, իշխող «Վրացական երազանք»-ը Աջարիայի Գերագույն խորհրդում կունենա 8 պատգամավոր, «Միացյալ ազգային շարժումը»՝ 5, «Նինո Բուրջանաձե-Ժողովրդավարական Վրաստան» և «Դավիթ Թարխան Մոուրավի, Իրմա Ինաշվիլի-Հայրենասերների դաշինք»-ը՝ մեկական պատգամավոր:
Հատկանշական է, որ Աջարիայի Գերագույն խորհրդի ընտրություններում «Հայրենասերների դաշինք»-ի ցուցակի առաջին տեղում կուսակցության հիմնադիր Դավիթ Թարխան-Մոուրավին է: