Վրաստանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն կորոնավիրուսի տարածումը կանխարգելող բոլոր կանոնները հաշվի առնելով:
Խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն «Ինտերպրեսնյուս» լրատվականի հետ զրույցում ասել է, որ ընտատեղամասերում ընտրողների հերթը կլինի՝ պահպանելով 2 մետր հեռավորությունը: Ընտրատարածք մտնելուն պես քաղաքացին կջերմաչափվի:
Բացի այդ, ընտրատեղամասերում տեղադրված կլինեն ախտահանիչներ, ալկոգելեր, իսկ սեղանների, դռան և այլ առարկաների մակերևույթները մշտապես կախտահանվեն հատուկ լուծույթներով:
Արչիլ Թալակվաձեի խոսքով, վիրուսի տարածման կանխարգելման նպատակով, անվտանգության կանոնները կպահպանվեն նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում, ընտրողների հետ հանդիպումներում:
Լրացուցիչ սահմանափակումների անհրաժեշտության դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հիվանդությունների վերահսկման կենտրոնի և միջազգային գործընկերների հետ կմշակի խորհրդատվությունների նոր փաթեթ, որը կհամաձայնեցվի կառավարության և խորհրդարանի հետ: