Վերջին մի քանի օրվա ընթացքում Վրաստանում արձանագրվում է կորոնավիրուսով վարակի դեպքերի կտրուկ աճ: Եթե 1 շաբաթ առաջ վարակի դեպքերը չէին գերազանցում 3-ը, վերջին օրերին երկրում սահմանափակումների վերացմանը զուգահեռ նկատվում է դեպքերի աճ:
Մայիսի 29-ից Վրաստանի քաղաքներում վերականգնվեց հասարակական տրանսպորտի աշխատանքը: Կառավարության որոշմամբ, բոլոր երեք տեսակի տրանսպորտում՝ մետրոյում, ավտոբուսում և երթուղային տաքսիներում դիմակ կրելը պարտադիր դարձավ:
Այսօրվանից Վրաստանում աշխատանքը վերսկսել կկարողանան բոլոր տեսակի խանութները, խոշոր առևտրի կենտրոնները, բաց և փակ շուկաները, ինչպես նաև բացօթյա ռեստորաններն ու սրճարանները:
Եթե համեմատենք սահմանափակումների վերացումն ու վարակվածների դեպքերը կստանանք հետևյալ պատկերը.
- Մայիսի 29 — 8 նոր դեպք,
- Մայիսի 30 — 11 նոր դեպք,
- Մայիսի 31 — 26 դեպք,
- Հունիսի 1 — 11 նոր դեպք
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեի հայտարարությամբ, սահմանափակումների վերացման ժամանակ դեպքերի ավելացումը սպասվում էր, սակայն նրա խոսքով խուճապի պատճառ չկա, քանի որ համաճարակային իրավիճակը վերահսկվում է: