Վրաստանի կառավարության որոշմամբ, այսօրվանից կորոնավիրուսի կանխարգելման նպատակով սահմանված սահմանափակումներից մի քանիսը վերացվում են: Այսօրվանից վերացվեց Մառնեուլիի կարանտինային գոտին և տեղի բնակչությունը կարող է լքել մունիցիպալիտետի տարածքը:
Ուշ գիշերին ավարտվել է մունիցիպալիտետի մուտքի մոտ տեղակայված հատուկ հսկիչ կետերի աշխատանքը: Մարտի 23-ից Մառնեուլիում հայտարարված էր խիստ կարանտինային գոտի և քաղաքացիները մունիցիպալիտետի տարածքը լքելու իրավունք չունեին:
Հիշեցնենք, մայիսի 11-ին բացվեց մայրաքաղաք Թբիլիսին, մայիսի 14-ին Ռուսթավի քաղաքը և Գարդաբանիի մունիցիպալիտետը: