Ի՞նչ տեղի ունեցավ անցած տարի
Մեկ ամսից կլրանա Վրաստանում հունիսին տեղի ունեցած դեպքերի մեկ տարին: Նախորդ տարվա հունիսին ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի հետ կապված սկանդալի պատճառով Վրաստանի քաղաքական կյանքը կտրուկ փոխվեց՝ առաջ եկավ համար մեկ հարցը՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների լրիվ համամասնական ընտրակարգով անցկացումը: Օրեր շարունակ մայրաքաղաք Թբիլիսիում ընթացող ցույցերից հետո, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր նախագահ Բիձինա Իվանիշվիլին ցուցարարներին խոստացավ 2019 թվականի ընթացքում կատարել սահմանադրական փոփոխություն, անցնել լրիվ համամասնական ընտրակարգի՝ անտեսելով ցուցարարների մնացած երկու պահանջները՝ հունիսի 20-ի գիշերը բախումների ընթացքում ձերբակալվածների ազատ արձակումն ու այն ժամանակվա ՆԳ նախարար Գիորգի Գախարիայի հրաժարականը:
Խորհրդարանի աշնանային նստաշրջանի մեկնարկին զուգահեռ վերսկսվեցին սահմանադրական փոփոխությունների մասին քննարկումները, և հայտնի դարձավ, որ իշխող թիմի պատգամավորների մի մասը՝ հատկապես մեծամասնական պատգամավորները դեմ են լրիվ համամասնական ընտրակարգին անցնելուն, ինչի հետևանքով օրենսդրական նախաձեռնությունը խորհրդարանում չստանալով բավական ձայներ՝ նոյեմբերի 14-ին տապալվեց:
Այս իրադարձությունները վրացական ընդդիմությանը ստիպեցին համախմբվել ընդդեմ իշխող թիմի՝ մի կողմ դնելով բազմաթիվ հարցերի շուրջ առկա տարակարծությունները: Նոյեմբերից Թբիլիսիում սկսվեցին բողոքի ակցիաներ, վարչական շենքերի արգելափակումներ, որոնք մի քանի անգամ հատուկ միջոցներով ցրվեցին:
Նախորդ տարեվերջին Վրաստանի մի շարք արևմտյան գործընկերների՝ Վրաստանում ԵՄ-ի, ԱՄՆ-ի և Գերմանիայի դեսպանների միջնորդությամբ Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը նստեցին բանակցությունների սեղանի շուրջ: Մի քանի անհաջող հանդիպումներից հետո, ի վերջո 2020 թվականի մարտի 8-ին կողմերը հասան համաձայնության՝ այս տարվա խորհրդարանական ընտրությունները անցկացնել նախկին խառը՝ մեծամասնական և համամասնական ընտրակարգով, սակայն մեծամասնական պատգամավորների քանակը զգալիորեն նվազեցնելով՝ 73-ի փոխարեն հասցնելով 30-ի, իսկ համամասնականներինը ավելացնելով 43-ով՝ հասցնելով 120-ի:
Ի՞նչ է կատարվում հիմա
Համաձայնության հասնելուց հետո աշխարհում և Վրաստանում սկիզբ առած կորոնավիրուսի համաճարակը փոխեց երկրի քաղաքական օրակարգը: Մարտի 21-ին երկրում հայտարարված արտակարգ դրությունը թույլ չտվեց սահմանադրական փոփոխությունների մասին քննարկումներ անցկացնել:
Այժմ, երբ Վրաստանում համաճարակային իրավիճակը բավականին կայուն է, սկսվել են ակտիվ քննարկումներ քաղաքական համաձայնությունը վերջնանպատակին հասցնելու վերաբերյալ: Վրաստանի ընդդիմությունը իշխանությունից պահանջում է անհապաղ վերսկսել խորհրդարանի աշխատանքը և անցնել սահմանադրական փոփոխությունների օրինագծի քննարկմանը: Ընդդիմությունը իշխանությանը նաև քննադատում է համավարակը քաղաքական շահերի համար որպես պատրվակ օգտագործելու մեջ:
Ինչ վերաբերում է իշխանությանը, խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ խորհրդարանը իր աշխատանքը կսկսի հենց արտակարգ դրության ավարտից հետո և կանցնի սահմանադրական փոփոխություններին:
Օրեր առաջ թեմային անդրադարձել էր նաև խորհրդարանի նախկին նախագահ Իրակլի Կոբախիձեն, ում խոսքով, եթե նույնիսկ արտակարգ դրությունը մեկ ամսով էլ երկարաձգվի, միևնույն է կհասցնեն սահմանադրական փոփոխություններ կատարել:
Ի՞նչ է սպասվում
Չնայած այն բանին, որ կողմերը միանշանակ կողմ են ընտրական համակարգի փոփոխությանը, այնուամենայնիվ վտանգ կա, որ այս անգամ նույնպես օրենսդրական նախաձեռնությունը կարող է տապալվել:
Վրացական ընդդիմությունը առաջ է քաշում ընդդիմադիր գործիչների ձերբակալության հարցը՝ նշելով, որ վերջնական համաձայնության հասնելու համար պարտադիր պետք է ազատ արձակվեն իրենց պնդմամբ քաղբանտարկյալներ Գիգի Ուգուլավան, Իրակլի Օքրուաշվիլին և Գիորգի Ռուռուան:
Ինչ վերաբերում է իշխող «Վրացական երազանքի» դիրքորոշմանը, մայիսի 9-ին վարչապետ Գիորգի Գախարիան հայտարարել էր, որ Վրաստանում քաղբանտարկյալներ չկան:
Խորհրդարանի խոսնակը խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին, նշել էր, որ իշխող թիմը լրիվ կողմ է, և եթե նախաձեռնությունը ընդդիմությունից բավական ձայներ չստանալով տապալվի, ապա պատասխանատվությունը պետք է վերջիններս կրեն: