Փետրվարի 19-ին մարդաշատ էր Թբիլիսիի հայ գրողների ու հասարակական գործիչների պանթեոնը: Հայ համայնքի ներկայացուցիչները, ավանդույթի համաձայն, ամեն տարի նշում են բանաստեղծի ծնունդն ու գիրք նվիրելու տոնը:Միջոցառմանը ներկա էին Վիրահայոց թեմի հոգևորականներ, համայնքի մի խումբ հասարակակական գործիչներ, դպրոցականներ: Միջոցառումը սկսվեց Սուրբ Էջմիածին եկեղեցու քահանա Տեր Մանուկ Զեյնալյանի աղոթքով:
Թարգմանիչ, բանաստեղծ Գիվի Շահնազարը, կարևորելով Թումանյանի թողած հսկայական ժառանգությունը, ասաց. «Շատ մեծեր կան, հարուստ ենք մենք մեծերով, բայց Թումանյանը ուրիշ է: Նրա ստեղծագործությունը աստվածային պարզություն ունի: Առանց օդի մենք կարո՞ղ ենք ապրել: Իհարկե ` ոչ: Թումանյանը մեր օդն է» ,- համեմատություն է անում բանաստեղծը:
Պատահական չէ, որ Թումանյանի ծննդյան օրը նշվում է նաև գիրք նվիրելու տոնը. Ամենայն հայոց բանաստեղծը դեռ 1899թ-ին, երբ հիմնադրեց «Վերնատուն» ակումբը, ոչ միայն գրական քննարկումներ էր կազմակերպում,այլև տարածում էր ընթերցանության ավանդույթը:
Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոցի տնօրեն Իրինա Ժամկոչյանի կարծիքով` չնայած աշխարհում տեխնոլոգիաների առաջընթացին. «գիրքն անփոխարինելի է ու իր ուրույն տեղն ունի. Ես կարծում եմ, որը մարդը կարող է դաստիարակվել միայն գրքի միջոցով: Գիրքը լավագույն նվերն է, դրանից թանկարժեք նվեր ինձ համար չկա: Գիրքը գանձ է, որ մարդուն կարող է ուղեկցել մշտապես: Հատկապես` այն մեծ նշանակություն ունի ապագա սերնդի համար»: