Թբիլիսիում ապրիլի 19-ին այրվել է Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի նախագահական գրադարանը: Ներքին գործերի նախարարությունը փաստով հետաքննություն է սկսել:
Ինչպես նշել են գերատեսչությունից, հետաքննությունն ընթանում է 187-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետով, ինչը ենթադրում է ուրիշի գույքը դիտավորությամբ վնասել կամ ոչնչացնել:
ՆԳՆ-ն հայտարարում է, որ տեղի ունեցածի հետ կապված դեռևս ձերբակալվածներ չկան, ընթանում է հետաքննությունը։
Նշենք, հրդեհի հետևանքով տուժածներ չկան, այրվել է ավելի քան 15 քառակուսի մետր գրասենյակային տարածք: Տեղում աշխատել է 4 հրշեջ փրկարար բրիգադ:
Ավելի ուշ, ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվեց տեսանյութ, որտեղ երիտասարդ տղամարդը ուղիղ եթերում հայտարարում է, որ «ապամոնտաժում է շենքը», ետևում ցույց տալով այրվող գրադարանը:
Ի դեպ, Ուկրաինայում գտնվող նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անդրադառնալով միջադեպին՝ դրանում մեղադրել է իշխանություններին։