Վրաստանում կորոնավիրուսից մահվան 4-րդ դեպքն է գրանցվել: Վարակվածների թիվը հասել է 394-ի, որի գրեթե կեսը՝ վերջին օրերի ցուցանիշ է: Երկու օր շարունակ միանգամից 30 նոր դեպք է գրանցվել: վարակվածների շրջանում բուժաշխատողներ ու հոգևորականներ կան: 93-ի է հասել առողջացածների թիվը: երկարաձգվել է արտակարգ դրության ժամկետը: Մինչև մայիսի10-ը երկիրը կլինի ընդհանուր կարանտինի ու ժամը 21-ից առավոտյան 6-ը՝ պարետային ժամի պայմաններում: 5 օրով արգելվել է սեփական մեքենաներով տեղաշարժը, տաքսի ծառայությունները ևս դադարել են սպասարկել:
Երկրի առաջին դեմքերն առաջին անգամ չմասնակցեցին զատկական արարողություններին:
Վարակաբանները միաձայն ահազագում են՝ երկրում վարակի ներքին տարածման մեծամասշտաբ փուլ է սկսվել: Սա նշանակում է, որ բոլորի կողքին կան մարդիկ, ովքեր արդեն վարակված են, բայց դեռ չգիտեն այդ մասին: բժիշկները զգուշացրել են՝ երկրի առողջապահական համակարգը պարզապես չի կարողանալու դիմակայել, եթե դեպքերի թիվը հասնի հազարների:
Բացառիկ դեպք է, որ արգելվել է նաև գերեզմանատներ այցելելը: Բոլոր գերեզմանատների մուտքերը փակ են լինելու 10 օր: Սովորաբար ոչ պակաս մարդաշատ է անցնում նաև Զատկին հաջորդող մեռելոցի օրը: Մարդիկ հարազատների շիրմաքարերին տոնական սեղաններ են բացում, կենացներ ու երաժշտություն է հնչում: Իշխանությունը գտնում է, որ սա կարող է վարակի տարածման ևս մեկ պատճառ լինել, ուստի փակվելու են գերեզմանոցներ տանող ճանապարհները:
Մեքենայով տեղաշարժվելու արգելքը ևս մարդկանց քանակը փողոցում չնվազեցրեց: Նրանք դուրս են գալիս մոպեդով, մոտոցիկլետով, հեծանիվով ու ձիով: Մայրաքաղաքով շրջող ձիավորն ասում է՝ այս սահմանափակումները լավ առիթ են, որ վաղուց մոռացված ավանդույթը կյանքի կոչվի, չկա մեքենա, կշրջենք ձիով: Մարդաշատ է հատկապես մթերային խանութների, մարկետների ու սուպերմարկետների, դեղատների մոտ: Փակ հանրային տարածքներում դիմակ կրելը պարտադիր է դարձել:
Կորոնավիրուսով պայմանավորված՝ երկարաձգվել է օտարերկրյա քաղաքացիների համար Վրաստանում գտնվելու թույլատրելի ժամկետները: Նորությունը կվերաբերի մինչ 2020-ի մարտի 14-ը Վրաստանում օրինական գտնվող ոչ քաղաքացիներին: Այն դեպքում, եթե նրանք չեն կարող լքել Վրաստանը մի շարք պատճառներով, երկրում գտնվելու օրինական ժամկետը կերկարաձգվի մինչև 2020-ի հունիսի 30: Երկրում փաստացի դադարեցված է ավիահաղորդակցությունը՝ բացառությամբ առանձին հատուկ թռիչքների: Նախօրեին Քաղավիացիայի գործակալությունը հայտնել է, որ կանոնավոր ավիափոխադրումների արգելքը երկարաձգվել է: Նշված բոլոր սահմանափակումների համար նախատեսված տուգանքն անփոփոխ է՝ 3000 լարի ֆիզիկական, 15.000 լարի քաղաքացիների համար: