Վրաստանում «Ամոթ է» քաղաքացիական շարժումն առցանց հանրահավաք է անցկացրել: Ակցիայի կազմակերպիչների խոսքով՝ իրենք հավաքվել են տարբեր հարցերի շուրջ իրենց բողոքն արտահայտելու համար։ Մասնավորապես, ակցիայի կազմակերպիչները խոսել են արտակարգ դրության շրջանում կառավարության այնպիսի որոշումների մասին, որոնք անմիջական վտանգ են սպառնում քաղաքացիների առողջությանը։
«Մենք մնացինք տանը, բայց մենք տեսանք կառավարության անգործությունը պատրիարքարանի նկատմամբ, ինչը մեր կողմից պահված սոցիալական հեռավորությունը, տնտեսական սահմանափակումների ազդեցությունը և յուրաքանչյուրիս տանը մնալը լիովին արժեզրկում է:
Մենք հիշում ենք ներկայիս կառավարության կողմից դեպի ժողովրդավարություն արված քայլերը և ներկա ճգնաժամի ընթացքում մենք հետևում ենք այն որոշումների ընթացքին, որոնք վտանգում են քաղաքացիների առողջությունը, ինչպես նաև երկրի ժողովրդավարական զարգացումը:
Կառավարության գործողությունները հուշում են, որ COVID-19- ի հետևանքով առաջացած ճգնաժամը նրանց գլխավոր մտահոգությունը չէ. տարածվում են կեղծ տեղեկատվություններ վիրուսի մասին, շարունակվում են հարձակումները ակտիվիստների, քաղաքական ընդդիմախոսների և այլակարծության դեմ», — ասված է քաղաքացիական շարժման տարածած հայտարարության մեջ:
Հիշեցնենք՝ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն ասել էր, որ կորոնավիրուսի զարգացման հետագա ճակատագիրը Վրաստանում այսօր հավատացյալների ձեռքերում է:
Վարակաբանի հետ համամիտ է առայժմ պատրիարքարանի ներկայացուցչության շատ փոքր մասը, ընդամենը 13 հոգևորական է հրաժարվել մասնակցել Զատկի արարողություններին:
Կառավարության ծայրահեղ միջոցներն ու խիստ արգելքները չեն խանգարելու ապրիլի 19-ին Վրաստանի եկեղեցուն սովորականի պես նշել Հիսուս Քրիսոտասի հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը: