«Եթե ուզում եք ողջ մնալ, մնացե՛ք տանը: Այլ ելք չկա: Եթե ուզում եք, որ մեր ազգը կենդանի մնա, որ մեր եկեղեցին փրկվի, մի՛ գնացեք եկեղեցի», — ասել է վարակաբան, Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ու հանրային առողջության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն:
Ըստ նրա՝ եթե առաջիկա օրերին բնակչությունը խստորեն պահպանի մասնագետների խորհրդատվություններն ու հրաժարվի սոցիալական ակտիվությունից, ամենավատ սցենարից խուսափելու շանս դեռ կա:
«Խոսք է գնում ոչ միայն տնտեսական կորուստների մասին, այլև մարդկային: Եթե չկարողանանք զսպել մարդկանց՝ 3 շաբաթ անց կունենանք այն պատկերն, ինչ Իտալիայում է, այդ դեպքում Վրաստանում չենք հասցնելու հաշվել դագաղները: Եթե սա չենք ուզում, ուրեմն պետք է նստենք տներում», — ասել է Իմնաձեն:
Առողջապահական ոլորտի առաջատարներից մեկը հստակեցնում է նաև, որ խոսքն այս դեպքում եկեղեցով չի սահմանափակվում, այլ նաև հարազատների ու հարևանների շրջանում վարակից զերծ մնալու մասին է: Նա կոչ է անում՝ ընդունել, որ սկսվել է երկրում վարակի ներքին տարածման մեծամասշտաբ փուլ: Սա նշանակում է, որ բոլորի կողքին կան մարդիկ, ովքեր արդեն վարակված են, բայց դեռ չգիտեն այդ մասին: Նրանք եկեղեցի կամ հյուր կգնան, ու կվարակեն մյուսներին: Հարցին՝ կա անհրաժեշտություն, որ կառավարությունն առավել խիստ կարանտին հայտարարի, Իմնաձեն ասում է՝ եթե մարդիկ չեն հասկանում, որ պետք է պարզապես մնալ տանը, ապա պետությունը ստիպված է խստացնել միջոցները, ինչպես արել է Եվրոպան, ու իրենք ստիպված են կառավարությանը խնդրել նույնկերպ վարվել: Մասնագետը մեկ անգամ ևս հիշեցրել է, որ վարակն առավել վտանգավոր է տարեցների ու խրոնիկ հիվանդների համար, իսկ վարակ փոխանցողներից կեսի դեպքում՝ այն ընթանում է առանց որևէ նախանշանի:
Իմնաձեի հետ համակարծիք են ինչպես նրա գործընկերները, այնպես էլ կառավարությունը: Երկրի ղեկավարներն իրենց հերթին կոչ են արել բնակչությանը՝ զերծ մնալ եկեղեցի այցելելուց:
Վտանգավոր ազդակ համարում են նախօրեին երկրում առաջին անգամ մոտ 30 դեպքի հաստատվելը: Վարակաբանները զգուշացրել են՝ երկրի առողջապահական համակարգը պարզապես չի կարողանալու դիմակայել, եթե դեպքերի թիվը հասնի հազարների: