Վրաստանում կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումներ ձեռնարկվեցին երկրում առաջին դեպքի հաստատումից բավականին առաջ: Այստեղ վարակի առաջին հաստատված դեպքը փետրվարի 26-ին էր, մինչդեռ դրանից շուրջ մեկ ամիս առաջ` հունվարի 28-ին, կառավարությունն արդեն դիմակայման ռազմավարություն էր մշակել ու հրապարակել պաշտոնական կայքում: Հանձնարարվել էր ներգարվել երկրի բոլոր պետական ու մասնավոր կառույցները: Առողջապահության ոլորտին հանձնարարվել էր մյուս գերատեսչությունների հետ համագործակցությամբ աշխատել արագ արձագանքման ուղղությամբ: Փորձագետների կողմից պետք է դեպքերի արձանագրություն կազմվեր:
Երկրի սահմանային անցակետերը խիստ հսկողության տակ վերցվեցին, սկսվեց սքրինինգ` ջերմաչափում: Վրաստան ժամանող հյուրերին զգուշացվում էր հնարավոր վտանգի մասին: ՆԳՆ-ին հանձնարարվեց բժշկական օբյեկտների անվտանգությամբ զբաղվել, ուղեկցել պացիենտներին՝ հոսպիտալացման ընթացքում, հետևել հանրային կարգապահությանն ու կարանտինին: Առաջին արգելքը Չինաստանի հետ ուղիղ ավիաչվերթները դադարեցնելն էր ու Չինաստանից կենդանիների ու դեկորատիվ ձկների ներմուծումը: Կորոնավիրուսի առաջին 3 դեպքերը «բռնվեցին» հենց սահմանին: Բարձր ջերմություն ունեցողներն առանց բացառության հոսպիտալացվում էին:
Հայաստանում էլ դեռևս հունվարի 30-ին վարչապետի որոշմամբ՝ երկրում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքների համակարգման նպատակով փոխվարչապետ Տիգրան Ավինյանի նախագահությամբ ստեղծվել էր միջգերատեսչական հանձնաժողով։
Այս ընթացքում Հայաստանում քարոզարշավ էր, վարչապետը շրջում էր մարզերում, իսկ մարտի 1-ին, երբ առաջին դեպքը հաստատվեց, ուղիղ եթերում Նիկոլ Փաշինյանն ասաց. «որոշումները պետք է լինեն ոչ թե էմոցիոնալ, այլ պրագմատիկ ու հաշվարկված»:
Միեւնույն լավատեսությունն ուներ նաև երկրի առողջապահության նախարարը. «Քանի որ կորոնավիրուսը շատ վտանգավոր վիրուս չէ, հատուկ միջոցառումների կարիք չկա»,- հայտարարեց Արսեն Թորոսյանը: Հայաստանում Սահմանադրական փոփոխությունների՝ «Այո»-ի հանրաքվեի քարոզարշավն ընդհատվեց միայն մարտի 13-ին, երբ հայտնի դարձավ, որ երկրում ներքին տարածման դեպք կա: Իսկ մարտի 16-ին Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն։
Մարտի 2-ին երկու երկրում էլ դադարեցվեց ուսումնական գործընթացը: Մարտի 3-ին Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով եղավ Վրաստանում: Մարտի 16-ին Հայաստանում արտակարգ դրություն հայտարարվեց:
Ի սկզբանե որևէ տնտեսական գործունեություն չարգելվեց, սահմանափակվեցին, սակայն` զանգվածային միջոցառումները: Մեկ շաբաթ անց Հայաստանի ողջ տարածքում արտակարգ դրության պայմաններում արգելվեց առևտրի կենտրոնների (բացառությամբ սննդի), գիշերային ակումբների, պարահրապարակների, խաղատների, բուքմեյքերների, կինոթատրոնների գործունեությունը:
Եթե նշված արգելքները Վրաստանում ուժի մեջ էին մտել ավելի վաղ, ապա արտակարգ դրություն հայտարարվեց միայն մարտի 21-ին: Այսուհանդերձ, չնայած պաշտոնապես արտակարգ դրության ռեժիմ չկար, սակայն երկրում
գրեթե ամեն ինչ փակ էր: Արգելվեց տրանսպորտի (այդ թվում երթուղային) գործունեությունը, օդային հաղորդակցությունն արդեն իսկ փակ էր, իսկ հարևանների հետ մեկական սահմանակետ թողնվեց։
Մարտի 23-ին Մառնեուլիի և Բոլնիսիի մունիցիպալիտետներում խիստ կարանտին հայտարարվեց, իսկ մարտի 31-ին, 100-րդ դեպքից հետո, երկրում ընդհանուր կարանտնին հայտարարվեց, որը գործում է մինչ օրս: Մինչ այս պահը ժամը 21:00-06:00-ը պարետային ժամ է, քաղաքացիների տեղաշարժն արգելված է:
Գիշերային ժամերին գործում են բացառապես մի քանի դեղատներ։ Արտակարգ դրության կարգը խախտողները տուգանվում են 3000 լարիով (մոտ 1000 դոլար), կրկնվելու դեպքում՝ քրեական պատասխանատվություն է սպառնում: Միեւնույն տուգանքն է նաև 2 մետր սոցիալական հեռավորությունը չպահելու, 3-ից ավելի մարդ մեկ հանրային վայրում (այդ թվում մեքենայում) հավաքվելու պարագայում: Օրական միջինը 100 տուգանք է տրվում:
Հայաստանում էլ արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնների խախտումն առաջացնում է տուգանքի նշանակում 100-250 հազար դրամի (մոտ 200-500 դոլար) չափով, իսկ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ այլ անձի վարակումը պատժվում է տուգանքով՝ 300-500 հազար դրամի (մոտ 600-1000 դոլար) չափով, կամ կալանքով՝ առավելագույնը 1 ամիս ժամկետով: Երկու կամ ավելի անձանց վարակումը կամ մարդու առողջությանը ծանր վնաս պատճառելը պատժվում է տուգանքով՝ 500-700 հազար դրամի (մոտ 1000-1400 դոլար) չափով, կամ կալանքով՝ 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մինչև 2 տարի ժամկետով: Մարդու մահվան առաջացումը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-4 տարի ժամկետով։
Այս ընթացքում երկու երկրներում էլ հազարավոր քաղաքացիներ զրկվեցին աշխատելու և օրվա հացը վաստակելու հնարավորությունից։ Իրավիճակը հաշվի առնելով՝ երկու երկրների կառավարություններն էլ որոշում կայացրին որոշ չափով փոխհատուցել քաղաքացիների կոմունալ վճարները։ Վրաստանում որոշվել է, որ 200 խ/մ գազ և 200 կվ էլեկտրաէներգիա սպառած բաժանորդներն ամբողջովին կազատվեն կոմունալ վճարներից՝ ներառյալ ջրամատակարարումն ու աղբահեռացումը՝ մարտ, ապրիլ մայիս ամիսներին: Խոսքը մոտ 37 լարիի (մոտ 6000 դրամ) էլեկտրաէներգիայի և մոտ 93 լարիի (մոտ 15000 դրամ) գազի մասին է:
Ավելի ուշ Հայաստանում էլ որոշվեց, որ 30%-ի չափով աջակցություն կտրամադրվի այն բաժանորդներին, որոնց 2020 թվականի փետրվար ամսվա ծախսը կազմել է՝ բնական գազի սպառում՝ 10․001 — 30․000 դրամ, էլեկտրաէներգիայի սպառում՝ 5․001 -10․000 դրամ։
Ավելին՝ Հայաստանի կառավարությունն առաջարկեց ծրագրային փաթեթներ՝ կորոնավիրուսի սոցիալական ու տնտեսական հետևանքների չեզոքացման համար: Ծրագրերն արդեն ուժի մեջ են և հարյուրավոր դիմորդներ արդեն իսկ ստացել են աջակցություն։ Վրաստանի կառավարությունը ևս այսօր հայտնել է, որ սոցիալական աջակցության փաթեթեներ են մշակել, սկսելու են կորոնավիրուսով պայմանավորված՝ գործազուրկ դարձած քաղաքացիներից:
Երկու երկրներում էլ բացվել է կորոնավիրուսային վարակի կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցության հիմնադրամ։ Վրաստանում, ըստ ապրիլի 14-ի տվյալների՝ 1, 28 054 864 լարի (մոտ 40 մլն 785 հազար դոլար) է մուտքագրվել այս ֆոնդ։ Հատկանշական է, որ գումարի մեծ մասը՝ 100 միլիոն լարի (մոտ 31 միլիոն դոլար), նվիրաբերել է երկրում իշխող «Վրացական երազանքի» ղեկավար, նախկին վարչապետ, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլին:
Հայաստանում ապրիլի 10-ի դրությամբ հիմնադրամի մուտքերը կազմել են 886 996 095 դրամ (1 մլն 800 հազար դոլար), իսկ մուտքերի ընդհանուր քանակը 3382 է։
Մինչ պետությունները պայքարում են 21-րդ դարի թերեւս խոշորագույն մարտահրավերը դարձած Կորոնավիրուսի դեմ՝ փորձելով պաշտպանել քաղաքացիների առողջությունը, հիվանդությունը վերադասավորումներ է անում նաև համաշխարհային տնտեսության մեջ։ Այս ազդեցության հետևանքով Վրաստանի ազգային արժույթը՝ լարին, դեռևս մարտ ամսվա սկզբից անկում արձանագրեց, մինչդեռ Հայաստանի ազգային արժույթը փոփոխության գրեթե չենթարկվեց։ Ավելին՝ ապրիլի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Կենտրոնական բանկը արտարժույթի շուկայից 8.1 միլիոն դոլար է գնել՝ հավելելով․ «Սա այլ բացատրություն, քան ֆինանսական շուկայի վստահություն կառավարության վարած հակաճգնաժամային քաղաքականությանը, չի կարող ունենալ»:
Հայաստանում ապրիլի 13-ին երկարաձգվեց արտակարգ դրությունը՝ մինչև մայիսի 14: Վրաստանում էլ ապրիլի 14-ին որոշում կայացվեց մինչև մայիսի 10-ը երկարաձգել արտակարգ դրությունը։
Ապրիլի 14-ի 1:30-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի հետեւյալ պատկերն է
Վարակված` 296
Ապաքինված` 68
Մահացած` 3
Կարանտինում` 4856
Ստացիոնարում` 458
Հայաստանում վարակակիրների թիվն անցել է 1000-ից, որից 16-ը՝ մահվան ելքով, 786-ը ստացիոնար հսկողության տակ է:
Հարկ է նշել, որ ըստ կորոնավիրուսի տարածման վիճակագրության վերաբերյալ առավել կիրառվող worldometers․info կայքի` Վրաստանում արվել է 3271 թեստ, որից հաստատվել է 296-ը, իսկ Հայաստանում՝ 8,316 թեստ, որից հաստատվել է 1067-ը։
Վրաստանում վարակվածների թվի ավելացման վտանգ կա ապրիլի 19-ից հետո: Այդ օրը երկիրը նշում է Զատիկը, իսկ կառավարությունն ու եկեղեցին ընդհանուր հայտարարի չեն եկել՝ կարանտինի պայմաններում ինչպես է անցկացվելու Վրաստանի ամենազանգվածային եկեղեցական տոնը: Կառավարությունը կոչ է անում տնից աղոթել ու հետևել զատկական պատարագին, եկեղեցին հավաստիացնում է՝ հնարավոր է այցելել եկեղեցի ու չվարակվել՝ պահելով բոլոր կանոնները:
Հատկանշական է, որ Հայ Առաքելական եկեղեցին արձագանքելով ստեղծված իրավիճակին, որոշում կայացրեց եկեղեցու ծիսական արարողությունները կատարել դռնփակ։ Անգամ ապրիլի 12-ին տեղի ունեցած Սուրբ Հարության պատարագը՝ Զատիկը, որը մատուցում էր ամենայն հայոց կաթողիկոսը, կատարվեց առանց հավատացյալների ներկայության։
Ի դեպ, այս դժվար իրավիճակում Հայաստանն ու Վրաստանը շարունակում են աջակցել միմյանց: Երկրներն արդեն մի քանի անգամ օգնել են իրար՝ միմյանց տարածքներով քաղաքացիների վերադարձը հայրենիք ապահովելով: