Վրաստանի Արտաքին գործերի նախարարության և հայկական կողմի աջակցությամբ, ապրիլի 13-ին, իրականացվեց Վրաստանի 167 քաղաքացու հայրենիք վերադարձը։ Այս մասին ասվում է ՀՀ-ում Վրաստանի դեսպանության տարածած հաղորդագրության մեջ:
Ռուսլան Բալիևը, ով ևս ապրիլի 13-ին Բեռլինից Վրաստան է ժամանել, «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է.
«Ես Բեռլինից եմ եկել: Եվրոպական մի քանի երկրից Մինսկում հավաքվեցինք և ուղիղ չվերթով Երևան հասանք, որտեղ էլ մեզ դիմավորեցին դեսպանության կողմից տրամադրված ավտոբուսները: Լուսաբացին հասանք հայ-վրացական սահման, որտեղ էլ սպասեցինք մինչև առավոտյան ժամը 10:00-ը՝ սահմանը բացվելուն», — ասում է Ռուսլանը՝ հավելելով, որ այժմ իրենք արդեն Բակուրիանիում են: Իրենց տեղափոխել են կարանտինային գոտի՝ Բակուրիանիի հյուրանոցներից մեկը:
Նշենք, որ Գերմանիայում դժվար իրավիճակում մնացած Վրաստանի քաղաքացիները, որոնք չէին կարողացել վերադառնալ հայրենիք վերջին չվերթներով, վերադարձան Բեռլին-Մինսկ-Երևան չվերթով։