2019 թվականի դեկտեմբերին Չինաստանում սկիզբ առած կորոնավիրուսը միլիոնավոր մարդկանց կյանքում մեծ փոփոխությունների պատճառ դարձավ։ Այս մարդկանց մեջ, իհարկե, իրենց տեղն են զբաղեցնում ջավախահայերը, որոնք տասնյակ տարիներ շարունակ իրենց ապրուստը վաստակել են արտագնա աշխատանքի միջոցով (Ջավախքից հիմնականում մեկնում են աշխատանքի Ռուսաստանի Դաշնություն)։
Վրաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները, ինչպես վկայում են միջազգային փորձագետները, բավականին հաջող են ընթանում, սակայն ջավախահայերին արդեն հուզում է Ռուսաստանում նոր թափ հավաքող կորոնավիրուսը: Ապրիլի 13-ի դրությամբ ՌԴ-ում 18 հազարից ավել վարակված կա, միայն մեկ օրում վարակվել է 2558 մարդ, այդ թվում 1355-ը միայն մայրաքաղաք Մոսկվայում:
Երիտասարդները, որոնք ամեն տարի հիմնականում Սուրբ Զատկի տոնից հետո կամ ավելի վաղ մեկնում էին արտագնա աշխատանքի, այս տարի անորոշ վիճակում են հայտնվել:
Ալեքսանը, ով արդեն 8 տարի արտագնա աշխատանքների է մեկնում, ասում է՝ իր ընտանիքը հիմնականում ապրում է դրսի, այսինքն՝ խոպանի եկամուտով:
«Անցած տարի, օրինակ, Ռուսաստան եմ մեկնել մայիսի սկզբին, սակայն այս տարի դեռևս հույս չկա գնալու, ու եթե այսպես շարունակվի՝ շատ վատ է լինելու մեր վիճակը: Եկամտի միակ աղբյուրը մնում է անասնապահությունը կամ հողագործությունը, սակայն, իմ ընտանիքը, օրինակ, լինելով երիտասարդ ընտանիք, չունի բավական հողատարածք, որով կկարողանանք ապրել»,- «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է Ալեքսանը:
Նույն կարծիքին է նաև Արթուրը, ով նույնպես երկար տարիներ մեկնում է Ռուսաստան արտագնա աշխատանքների: Նրա խոսքով, եթե աշխարհում ստեղծված իրավիճակը երկար շարունակվի, շատ վատ կանդրադառնա ոչ միայն ջավախահայերի, այլև ամբողջ ժողովրդի համար:
«Եթե Ռուսաստանում այս տեմպերով շարունակվի վիրուսի տարածումը, կարող եմ ասել, որ այս տարի ու հնարավոր է նույնիսկ հաջորդ տարի մենք չկարողանանք մեկնել աշխատանքի, ինչը շատ վատ կանդրադառնա մեր տնտեսական վիճակի վրա: Այստեղ կարող ենք զբաղվել կարտոֆիլագործությամբ, սակայն հողատարածք չունենք»,- ասում է Արթուրը:
5 տարի Ռուսաստանում աշխատանքի մեկնած Վոլոդյան նույնպես լավատեսորեն չի վերաբերում ստեղծված իրավիճակին: Ասում է, որ նորաստեղծ ընտանիք ունի ու բազմաթիվ ֆինանսական խնդիրների առաջ կկանգնի, եթե չստացվի մեկնել արտագնա աշխատանքի:
«Ինձ առաջնային մեր վիճակն է հետաքրքրում, որպեսզի շուտ հաղթահարենք կորոնավիրուսը և լավ կլիներ, որ մեզ մոտ գոնե աշխատատեղեր ստեղծվեին, որպեսզի երիտասարդությունը կախված չլիներ դրսի աշխատանքից: Մենք զում ենք մեր դրոշի տակ աշխատել: Դեռևս չգիտենք ինչ ենք անելու ու ինչով ենք զբաղվելու, եթե չկարողացանք գնալ Ռուսաստան, իսկ, օրինակ, բիզնեսով զբաղվելու համար նորից գումար է անհրաժեշտ, ինչը ներկա պահին չկա»,- ասում է Վոլոդյան:
Վրաստանում ապրիլի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվել է 272 մարդ, բուժվել՝ 68-ը: Երկրի մի շարք շրջաններում խստացված կարանտինային ռեժիմ է հայտարարված բնակավայրերում կորոնավիրուսի տարածման կանխարգելման համար: Ջավախքի շրջանում դեռևս կորոնավիրուսի ոչ մի դեպք չի գրանցվել: