Արդեն 40 տարի Վրաստանում նշվում է հայագետների մասնագիտական օրը:
«Վերջին 40 տարվա ընթացքում թերևս առաջին դեպքն է, որ հայագետներով չենք հավաքվում, բայց ելնելով աշխարհում ստեղծված իրավիճակից, այսօրը զանգերով և առցանց շնորհավորանքներով ենք նշում», — «Ալիք մեդիայի» հետ զրույցում ասում է հայագետ, ԹՊՀ-ի դասախոս Լելա Ջեջելավան:
Երկրի հայագետները տոնը նշում են 1980 թվականից, երբ Մայր բուհի՝ Իվանե Ջավախիշվիլիի հայագիտության բաժնի ղեկավարումը ստանձնեց հայագետ Զազա Ալեքսիձեն։
«Ալեքսիձեն մեր ժամանակների ամենահայտնի հայագետներից է, ում դերը վրաց-հայկական հարաբերություններում շատ մեծ է: Հենց նրա շնորհիվ է, որ չնայած բազմաթիվ դժվարությունների, հայագետների դպրոցը գործում է», — ասում է Ջեջելավան:
Մեզ հետ զրույցում Ջեջելավան հիշում է հայագիտության հետ կապված ամենակարևոր իրադարձությունները, անդրադառնում բաժնի հիմնադրման պատմությանը․
«Ամենակարևորն այն է, որ մեր բաժինը գործում է Թբիլիսիի պետական համալսարանի ստեղծման օրվանից։ Նախաձեռնողը հենց ինքը՝ պրոֆեսոր Իվանե Ջավախիշվիլին էր, ով բաժնում նաև պատմության դասախոսություններով էր հանդես գալիս»:
Լելա Ջեջելավայի հետ խոսեցինք նաև բաժնի զարգացման, այդ մասնագիտությամբ Վրաստանում երիտասարդների հետաքրքրվածության մասին.
«Հասկանալի պատճառներով Վրաստանում հայագիտության բաժինը ապագա ուսանողների մոտ հետաքրքրություն չի առաջացնում. սա պարզ է՝ կապված է ֆինանսների հետ, քանի որ ուսանողը ուսման համար մեծ գումար է վճարում։ Բոլորն էլ ընտրում են այնպիսի մասնագիտություն, որով շատ արագ կարող են հետ վերադարձնել ծախսած գումարները: Միևնույն ժամանակ նշեմ նաև, որ հայագիտության բաժինը քիչ հայտնի է եկող սերնդի համար»:
Հայագիտության ոլորտը, չնայած սահմանափակ ներուժին, պետության կողմից ամբողջությամբ օգտագործվում է, ինչպես գիտական ոլորտում, այնպես էլ գործնականում:
«Շատ կարևոր է, որ հարևան, բարեկամ երկրների միջև հարաբերությունները մշտապես լինեն զարգացած և լիարժեք, և սրանում մեծ է մասնագիտացված հայագետների դերը», — ասում է Ջեջելավան՝ հավելելով, որ. «Մենք ունենք բավականաչափ մասնագիտացված հայագետներ: Եվ երկրին պետք են հայագետներ, ովքեր կլինեն հայ-վրացական բարեկամական հարաբերությունների երաշխիքը»: