«Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Իրակլի Կոբախիձեն անդրադարձել է երկրում առկա արտակարգ դրության ժամկետներին:
«Իմ կարծիքով, անհրաժեշտություն կլինի երկարաձգել արտակարգ դրությունը, որպեսզի առավելագույն կերպով կանխարգելվի կորոնավիրուսի տարածումը»:
Նրա խոսքով, արտակարգ դրությունը երկարաձգելու մասին վերջնական որոշում կայացնելու համար մեկ շաբաթ է մնացել: Ըստ Կոբախիձեի, այս հարցի շուրջ քննարկումներ տեղի են ունենում ամենօրյա ռեժիմով:
Նշենք, ապրիլի 13-ի ժամը 13:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 266 դեպք, այստեղից 67-ն առողջացել են, 3-ը՝ մահացել: Կարանտինային ռեժիմում է 4890, հատուկ հսկողության ներքո՝ 439 մարդ:
Արտակարգ դրություն Վրաստանում հայտարարվել է մարտի 21-ին՝ 1 ամսով: Մարտի 31-ին երկրում հայտարարվեց համընդհանուր կարանտին: