Այսօր, երբ Վրաստանում արտակարգ դրություն է, խիստ կարանտինային ռեժիմում գտնվող Բոլնիսի շրջանի համանուն հայկական գյուղի բնակիչներն իրենց այգիներում ծաղկած ծաղիկները կարող են միայն նվիրել, փոխանցում է Հայաստանի Հանրային Ռադիոն։
Ծաղիկների հարյուրավոր փնջեր ուղարկվում են շրջկենտրոն (Բոլնիսի քաղաք), որտեղ աշխատում են Տեղական ինքնակառավարման մարմինները ու բուժհաստատությունները։ «Թող ծաղիկները ձեր տրամադրությունը բարձրացնեն այս դժվարին օրերին», — ասում են բոլնիսահայերը։
Քվեմո Քարթլիի հայկական Բոլնիս-Խաչեն գյուղն այս օրերին բազմագույն ծաղիկներով է զարդարված։ Բնակավայրը գեղեցկացնող, մարդկանց սոցիալական վիճակը բարելավելու հույս ներշնչող այս ծաղիկները, սակայն թառամում են․ երկրում արտակարգ դրություն է, ծաղիկները չեն վաճառվում․ Բաղդասարյանների ընտանիքը առաջին տարին է, որ պետք է ծաղիկներից շահույթ ստանար․
«Արդեն եկել է այն շրջանը, որ մենք Թբիլիսիի ծաղկի շուկայում պիտի վաճառեինք, սակայն չկարողացանք, թափում ենք․․․ Հայաստանից ենք բերել այս տեսակը, բանկից վարկ վերցրել՝ ջերմոցային պայմաններում այն աճեցնելու համար»։
«Ալստրոմերիա» («Աստրոմերիա) կամ «պերուական շուշան» անվամբ այս ծաղիկները բաղդասարյանները հույս ունեին շուկա տանել դեռ մարտի 8-ին, սակայն առաջին փնջերը մնացին նկուղներում։ Սվետա Ավագյան-Բաղդասարյանն ասում է, որ իրենք ջերմոցում են ծաղիկներն արագ ծաղկեցրել, ձմռանը և գարնան այս ամիսներին, երբ այն դեռ շուկայում գրեթե չկա, մի փոքր բարձր գներով վաճառելու համար․
«Ամբողջ ձմեռ փայտով ենք տաքացրել ջերմոցը, որպեսզի ծաղիկները պահենք, իսկ ծաղիկների բիզնեսը սկսելու համար մոտ 20 հազար լարի (մոտ 6000 դոլար) վարկ ենք վերցրել» ։
Այս պահին ողջ այգին արդեն ծաղկած է․ «հիմա ծաղիկներս ում նվիրեմ»՝ հարցնում է․ «Հարյուր փունջ ծաղիկ ենք հավաքել։ Դա բավականին մեծ գումար է, եթե այս օրերին վաճառեինք։ Երեկ օրինակ ուղարկել ենք Բոլնիսիի գամգեոբա (Տեղական ինքնակառավարման մարմին)՝ ապրիլի յոթի առիթով»։
Ծաղիկների հարյուրավոր փունջ էլ այսօր պատրաստում են բուժաշխատողների համար․ «Գյուղապետի հետ ենք խոսել, այսօր գալու են բժիշկների համար տանել»։
Վրացական ծաղկի շուկայում վերջին տարիներին հայտնված «Ալստրոմերիա» ծակատեսակները հիմնականում Բոլնիսիից են։ Բոլնիսահայերը բերել են Հայաստանից և տարածել ողջ երկրում։ Գյուղի մի քանի ընտանիք այս ծաղկի մշակմամբ է զբաղված։ Գյուղապետը «Ռադիոլուրին» ասում է, դեռևս հայտնի չէ՝ արդյոք կորոնավիրուսից տուժած բիզնեսի այս հատվածին պետությունն օգնության ձեռք կմեկնի։ «Սակայն մենք ամեն առիթով Թբիլիսիի ենք հասցնում վիրուսից տուժած մեր քաղաքացիների բոլոր խնդիրներ», -ասում է Երվանդ Մարությանը։
Իսկ մինչ այդ բոլնիսահայերը շարունակում են մշակել իրենց ծաղիկները՝ ասելով․ «նվիրում ենք մեզ համար աշխատողներին․ թող ծաղիկները ձեր տրամադրությունը բարձրացնեն այս դժվարին օրերին»։