Պաշտպանիչ դիմակների չափազանց շատ ու սխալ օգտագործելը պանդեմիայի պայմաններում ոչ միայն օգուտ չի բերի, այլև կհանգեցնի նրան, որ դիմակները չեն բավարարի այն մարդկանց, ովքեր իրապես ունեն դրանց կարիքը:
Այս մասին զգուշացնում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյսուսը: Մասնավորապես՝ կազմակերպությունը խորհուրդ է տալիս դիմակ կրել միայն հիվանդ մարդկանց ու նրանց, ովքեր տնային պայմաններում հիվանդ են խնամում: Իսկ բժշկական հաստատություններում խորհուրդ է տրվում հատուկ դիմակներ ու նաև այլ պաշտպանիչ հագուստ կրել: Ինչ վերաբերում է դիմակների լայն օգտագործմանն, ապա ԱՀԿ-ը երկրներին կոչ է անում նման խորհրդատվություն տալուց առաջ հաշվի առնել դրանց արդյունավետությունը, քանի որ միայն դիմակ կրելը covid-19-ը բուժելու համար բավարար չէ: Պետք է շարունակել վեր հանել, թեստավորել, մեկուսացնել, բուժել բոլոր հիվանդներին, հետևել շփումներին:
Գլխավոր տնօրենն ասել է, որ ներկայումս 20 կազմակերպություն ու գիտական ինստիտուտ պատվաստանյութի վրա են աշխատում: Նա կոչ է արել բոլոր պետություններին, կազմակերպություններին ու գիտական կառույցներին՝ աջակցել բաց տեղեկատվությանը, գիտությանն ու համագործակցությանը, որպեսզի մարդիկ կարողանան օգտվել գիտության ու հետազոտությունների արդյունքից:
Հիշեցնենք՝ Վրաստանի դեղատներում արդեն մեկ ամսից ավել է՝ դիմակների, սպիրտի ու ախտահանող նյութերի դեֆիցիտ է: Արգելվել է երկրից դիմակների ուղարկումը: Հայտնի է, որ դիմակների արտադրություն է սկսվել երկրում, ու մոտ օրերս վաճառքում կհայտնվեն:
Այս ընթացքում անհատ «դիմակագործներն» օգտվում են առիթից, տնային պայմաններում կտորից ու այլ նյութերից բազմակի օգտագործման դիմակներ են կարում ու համացանցի միջոցով վաճառում՝ միջինը 3-5 լարիով ( մոտ1$), մինչդեռ սովորական պայմաններում բժշկական դիմակը դեղատանը վաճառվում էր 20-30 թեթրիով: