Վրաստանի կառավարությունն այս տարի չի ծրագրում ներկա գտնվել Զատկի տոնին նվիրված եկեղեցական արարողություններին ու առաջին անգամ պատարագին կհետևի հեռուստացույցով:
Քրիստոսի Հարության տոնն այս տարի ուղղափառ եկեղեցին նշում է ապրիլի 19-ին: Մինչ այս պահը վերջնականապես պարզ չէ, թե ինչպես են անցնելու եկեղեցիներում արարողությունները, քանի որ մինչև ապրիլի 21-ը արտակարգ դրություն է, ընդ որում՝ 21:00-06:00-ը՝ պարետային ժամ:
Էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան, Առողջապահության նախարար Եկատերինե Թիկարաձեն ու Էներգետիկ զարգացման նախարար, փոխվարչապետ Մայա Ցքիտիշվիլին արդեն ասել են, որ չեն գնալու եկեղեցի ու ընտանիքի հետ միասին դիտելու են ավանդական հեռարձակումը՝ տանը:
Որոշ եկեղեցիներ քննարկում են պատարագը մարտի 18-ին սկսելու ու ժողովրդին մինչև 19-ի առավոտյան ժամը 6-ը տաճարներում պահելու հնարավորությունը, սակայն փոխվարչապետն ասել է, որ դա համարվելու է պարետային ժամի կարգի խախտում:
Ամեն տարի Զատկի պատարագին Վրաստանի սուրբ Երրորդություն տաճարում (Սամեբա) ներկա են լինում երկրի առաջին դեմքերը, պատգամավորներն ու նախարարները, դիվանագիտական առաքելությունների ու ընդդիմության ներկայացուցիչներ:
Արարողության անբաժան մասը խաչով երթն է, որը մեկնարկում է կեսգիշերին:
Հիշեցնենք՝ Համայն Վրաստանի կաթողիկոս պատրիարք Իլյա 2-րդն արդեն ասել է, որ տաճարի դռները չեն փակվի, ու եկեղեցիները բաց են լինելու բոլոր այցելուների համար:
Այս թեմայով՝
Հնարավոր է մարդիկ եկեղեցում մնան պարետային ժամին. հոգևորական