Վրաստանում այսօր խորհրդարանական ընտրություններ են, որին մասնակցում են 19 կուսակցություն, 6 ընտրական դաշինք ու անկախ թեկնածուներ:
Հատկանշական է, որ ձայների մեծամասնությունը հավաքած կուսակցությունը Վրաստանի պատմության մեջ արդեն երկրորդ անգամ կառաջադրի վարչապետի թեկնածությունը: Հիշեցնենք՝ երկիրը 2012թ.-ից ընտրեց կառավարման խորհրդարանական մոդելը:
Երկրի ղեկավար Գիորգի Մարգվելաշվիլին, ով քվերակել է Մթածմինդա թաղամասում տեղակայված թիվ 01.01.06 ընտրատեղամասում, լրագնողների հետ զրույցում կարևորել է այս ընտրությունները՝ընդգծելով. «Ես քվեարկել եմ բազմակուսակցական խորհրդարանի համար»:
Այս ընտրություններում կարելի է ասել հիմնական պայքարն ընթանում է իշխող «Վրացական երազանք»-ի և ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունների միջև, թեև կան ուժեր, որոնք ևս ընտրողների մեծ բանակ ունեն: Այդ թվում է օրինակ «Հայարենասերների դաշինք»-ը:
«Վրացական երազանք»-ի հիմնադիր, վրացի միլիրադատեր ու նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին կեսօրին իր քվեարկությունը կատարեց Մթածմինդայի 6–րդ ընտրատեղամասում. «Քվեարկել եմ ազատության և տնտեսության զարգացման համար: Նաև կոչ եմ անում ժողովրդին՝ ընտրություն կատարել գիտակցված և ոչ թե էմոցիաներից ելնելով»:
«Վրացական երազանք»-ի մրացակիցը՝ «Միացյալ ազգային շարժում»-ը իր համամասնական ցուցակի երկրորդ տեղում է ընդգրկել կուսակցության հիմնադիր, նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի կնոջը՝ Սանդրա Ռուլոֆսին: Նախկին առաջին տիկինը՝ քվեարկելով Թբիլիսիի Զանդուկելի փողոցում տեղակայված թիվ 01.01.19 ընտրատեղամասում, ասաց. «Այսօր կորոշվի Վրաստանի փրկվել-չփրկվելու հարցը. Հույս ունեմ Վրաստանի բնակչությունը կկատարի ճիշտ ընտրություն և կքվիարկի մեր օգտին»:
Նույն կուսակցությունը ներկայացնող Գիգա Բոկերիան՝ դուրս գալով թիվ 02.02.51 ընտրատեղամասից, լրագրողներին ասաց. «Շատ կարևոր է, որպեսզի 2012թ.-ին Վրաստանի պատմության մեջ տեղի ունեցած առաջին խաղաղ իշխանափոխությանը հետևի երկրորդը. 4 տարիների ընթացքում երկրի փլուզմանը հաջորդի արագ զարգացումը»:
Այս ընտրություններին մասնակցում է Սահակաշվիլիի նախկին համախոհը՝ 2003թ. Վարդերի հեղափոխության առաջնորդներից, խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն: Նա իր քաղաքացիական պարտքը կատարեց Սաբութալո թաղամասի թիվ 06.03.02 տեղամասում՝ լրագրողներին տեղեկացնելով, որ քվեարկել է Վրաստանի միասնության համար. «Քվեարկել եմ որպեսզի Խորհրդարանում աշխատեն իրենց գործը լավ իմացող մարդիկ, որպեսզի Վրաստանում չիշխի որևէ ռազմական դաշինք և որ երկիրը լինի միասնական»:
Ի դեպ, այս ընտրություններին «Միացյալ շարժում կուսակցության» ու «Վրացական երազանք»-ի մի խումբ նախկին անդամներ իրենց կուսակցություններով են մասնակցում: Իրակլի Ալասանիայի գլխավորած «Ազատ դեմոկրատներ»-ը 2012թ.-ին «Վրացական երազանք»-ի կազմում էր, ասյօր՝ առանձին:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ, Եվրաինտեգրման նախկին նախարար Ալեքսի Պետրիաշվիլին թիվ 01.01.05 ընտրատարածքում կատարեց իր ընտրությունը. «Քվեարկել եմ բարեկեցիկ ապագայի, առողջապահության և տնտեսության զարգացման համար»:
Գրեթե բոլոր կուսակցությունները իրենց համամասնական ցուցակներում ընդգրկել են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին: Թիվ 08.05.55 ընտրատեղամասում «Վրաստանի ավելի լավ ապագայի համար» ընտրեց «Ազատ դեմոկրատներ»-ի հայազգի թեկնածու Միքայել Ավագյանը:
Վակե թաղամասի թիվ 02.02.13 ընտրատեղամասում իր քաղաքացիական պարտքը կատարեց իշխող «Վրացական երազանք» կուսակցության համամասնական ցուցակ 17-րդ տեղը զբաղեցնող հայազգի թեկնածու Ռուսլան Պողոսյանը: Նա Ալիքի հետ զրույցում նշեց, որ քվեարկել է «Վրացական երազանք»-ի օգտին. «ոչ միայն այն պատճառով, որ կուսակցության անդամ եմ, այլ, որ «Վրացական երազանք»-ը ամենատոլերանտ ու ամենամեմեծ պոտենցիալն ունեցող ուժն է: Վերջինիս հաղթանակի դեպքում է բարեկեցիկ պայմաններում ապրելու Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացի՝ այդ թվում և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները»: