Վրաստանի բանտերի 780 աշխատակիցներ կգիշերեն աշխատավայրում

«Վրաստանի բանտերի 780 աշխատակից կաշխատեն 24 ժամյա աշխատանքային ռեժիմով և չեն լքի բանտերի տարածքը», — այս մասին հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին:

Ծուլուկիանին բանտարկյալներին խնդրել է հոգ տանել նրանց մասին, քանի որ հենց նրանք են շաբաթներ շարունակ հոգ տանելու բանտարկյալների մասին:

«Վրաստանի բանտերը նույնպես անցնում են կառավարման նոր ձևի: Մասնավորապես, մենք մշակել ենք մի մոդել, որը նորմալ չէ բանտային համակարգի համար: Ընտրվել է ընդհանուր առմամբ 780 աշխատակից, ովքեր նախօրեին են աշխատանքի գնացել բանտի տարածք: Նրանք հաջորդ շաբաթ չեն գնա տուն: 780 աշխատակիցներ կապրեն բանտային շենքերում և չեն լքի այդ տարածքները, որպեսզի ոչ ոք չկասկածի, թե բանտի աշխատակիցը վարակը բանտի տարածք կարող է բերել», -ասել է Ծուլուկիանին՝ շնորհակալություն հայտնելով 780 աշխատակցի, ովքեր որոշ ժամանակ կամավոր հեռացել են իրենց ընտանիքից:

«Նրանք հավելյալ կֆինանսավորվեն, կունենան օրական երեք անգամյա սնունդ և կապրեն հատուկ առանձնացված տարածքում», — ասել է նախարարը: