Այսօր միջգերատեսչական հանձնաժողովի նիստից հետո Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան հանդես եկավ հայտարարությամբ, ըստ որի Վրաստանի ամբողջ տարածքում հայտարարվեց կարանտինային ռեժիմ:
Նոր ռեժիմի պայմաններում Վրաստանի քաղաքացիների համար կգործեն մի շարք սահմանափակումներ.
- Վրաստանի ամբողջ տարածքով արգելվում է բոլոր տեսակի հանրային տրանսպորտային միջոցների երթևեկությունը (այդ թվում մետրոյի) ինչպես քաղաքներում և մունիցիպալիտետներում, այնպես էլ քաղաքների միջև: Բացառություն կկազմեն միայն թեթև մարդատար ավտոմեքենաները, այդ թվում տաքսիները, որոնք պարտադիր պետք է պահպանեն Առողջապահության նախարարության խորհուրդները, որոնց համաձայն ավտոմոբիլում պետք է լինի միայն երեք մարդ, որոնցից երկուսը պետք է նստեն ետևի նստատեղին:
- Ուղևորափոխադրումը թույլատրվում է միայն ռազմավարական նշանակության օբյեկտների աշխատակիցների կազմակերպված անվտանգ տեղափոխության նպատակով:
- Արգելվում է 3-ից ավելի մարդկանց հավաքը ցանկացած հանրային վայրում, բացի դեղատներից և մթերային խանութներից, որտեղ պարտադիր պետք է պահպանվի 2 մետր սոցիալական հեռավորություն:
- Կառավարության կողմից թույլատրած աշխատանքի համար՝ գործարանները համապատասխան արձանագրություններ կունենան:
- Արգելվում է 70 տարեկանից բարձր քաղաքացիների տնից դուրս գալը, բացի այն դեպքերից, երբ նրանք գնում են մոտակա սննդամթերքի խանութ, դեղատուն կամ մոտակա բժշկական հաստատություն: Այն դեպքում, եթե տարեց քաղաքացիները միայնակ են ապրում, նրանց պարտավոր են օգնել Էկոնոմիկայի և Առողջապահության նախարարությունները և տեղական մունիցիպալիտետը:
- Երեկոյան ժամը 21:00-ից մինչև առավոտյան 06:00-ն արգելվում է ցանկացած տեսակի տեղաշարժ, ինչպես քաղաքներում, այնպես՝ երկրի մասշտաբով: Այս ժամերին աշխատող մարդիկ, աշխատանքի առանձնահատկությունից ելնելով կարող են տեղաշարժվել միայն հատուկ թույլտվությամբ: Նշված ժամերին կաշխատեն միայն դեղատները:
- Վրաստանի մի շարք քաղաքների՝ Թբիլիսիի, Բաթումիի, Քութայիսիի, Ռուսթավիի, Փոթիի, Զուգդիդիի, Գորիի մուտքերի մոտ հսկիչ անցակետեր կտեղադրվեն, որտեղ քաղաքացիները թերմոսքրինինգ կանցնեն:
- Քաղաքում տեղաշարժվելու դեպքում բոլոր քաղաքացիները պարտադիր պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ:
- Վրաստանի կառավարությունն արտակարգ դրության հետ կապված ցանկացած հարց համակարգելու թեժ գիծ է ստեղծել՝ 144 համարով:
Վերոնշյալ սահմանափակումները ուժի մեջ կմտնեն մարտի 31-ի առավոտյան ժամը 08:00-ից: Հիշեցնենք` մինչև ապրիլի 21-ը Վրաստանում հայտարարված է արտակարգ դրություն: