Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում արտակարգ դրության ռեժիմի պայմանները խախտելու համար տուգանվել է 125 մարդ: Այս մասին ՆԳՆ-ում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է փոխնախագահ Վլադիմեր Բորցվաձեն:
Նրա խոսքով, 10-ից ավելի մարդկանց նույն վայրում հավաքվելու համար տուգանվել է 96 քաղաքացի:
«ՆԳՆ-ի կողմից իրականացված խիստ վերահսկման արդյունքում 3 իրավաբանական և 8 ֆիզիկական անձ տուգանվել է տնտեսական գործունեության հետ կապված սահմանափակումները խախտելու փաստով: Միկրոավտոբուսով քաղաքից քաղաք տեղափոխվելու փաստով տուգանվել է 5, իսկ մեկուսացման և կարանտինի կարգը խախտելու համար՝ 13 քաղաքացի:
Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում քաղաքացիներին պահպանել արտակարգ դրությամբ սահմանված սահմանափակումները, հակառակ դեպքում կձեռնարկվեն օրենքով սահմանված միջոցներ»,- ասել է փոխնախարարը:
Հիշեցնենք` արտակարգ դրության ռեժիմի խախտման դեպքում ֆիզիկական անձը երթարկվում է վարչական պատասխանատվության՝ տուգանվում 3000 լարիով, իսկ իրավաբանական անձը՝ 15 000 լարիով: Ռեժիմը երկրորդ անգամ խախտելու դեպքում անձը ենթարկվում է քրեական պատասխանատվության, ինչը ենթադրում է մինչև 3 տարվա ազատազրկում:
Նշենք, որ Վրաստանում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով մարտի 21-ին հայտարարվեց արտակարգ դրություն: Սահմանված են որոշակի սահմանափակումներ, այդ թվում՝ արգելվում է հանրային վայրերում 10-ից ավելի մարդկանց կուտակումը օբյեկտներում, որոնք չեն դադարեցնում աշխատանքը, սահմանված է 2 մետր ֆիզիկական հեռավորության պահպանում, ողջ երկրի մասշտաբով դադարեցված է միջքաղաքային կապն ավտոբուսներով կամ միկրոավտոբուսներով: Սահմանափակումներ կան նաև տնտեսական աշխատանքի հետ կապված, արգելվել է ինքնակամ լքել կարանտինային գոտին: