Վրաստանի իշխանություններն այս պահին չեն քննարկում համընդհանուր կարանտին հայտարարելու տարբերակը:
Այս մասին լրագրողներին ասել է երկրի արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանին՝ կառավարության կորոնավիրուսի հատուկ միջգերատեսչական հանձնաժողովի նիստի ավարտին:
Երկրում արտակարգ դրություն է հայտարարված մարտի 21-ից: Այս ընթացքում արգելվում է 10 հոգուց ավելի ներկայություն մեկ վայրում, բացառություն են հանրային տրանսպորտն ու ձեռնարկությունները: Խիստ կարանտին միայն երկու շրջաններում է՝ Մառեուլիում և Բոլնիսիում:
Սահմանափակված է օտարերկրացիների մուտքը Վրաստան, Վրաստանի քաղաքացիներ վերադարձի համար հատուկ չարտերային չվերթներ են նշանակվել: Բաց է մեկական սահմանային անցակետ Հայաստանի և Ադրբեջանի, Թուրքիայի և Ռուսաստանի համար: Դադարեցվել են նաև միջքաղաքային ուղևորափոխադրումները՝ ավտոբուսներով, երթուղայիններով ու գնացքներով:
Արտակարգ ռեժիմի խախտման համար տուգանք է նախատեսված ֆիզիկական անձանց համար՝ 3 հազար լարի (1000 դոլար), իրավաբանական անձանց համար՝ 15 հազար (5 000 դոլար) լարիի չափով:
«Մենք հավատում ենք, որ արտակարգ դրության պայմաններում բոլոր հորդորները կատարելու դեպքում ընդհանուր կարանտինի անհրաժեշտություն չի էլ լինի», — ասում է Ծուլուկիանին: