Մառնեուլիի և Բոլնիսիի շրջանները կարանտինային հայտարարելուց հետո սահմանափակվել է շարժը ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական սահման տանող ճանապարհին:
Ռուսթավի քաղաքից մի քանի կմ հետո հսկիչ անցակետ է, ճանապարհը փակ է, բացառությամբ բեռնատարների համար: «Ալիք մեդիային» տեղում հսկողություն իրականացնող զինվորականներն ասել են, որ այսօր արդեն մի քանի տասնյակ բեռնատար է անցել:
Մարտի 14-ից Վրաստանը հայտարարեց հարևան երկրների հետ սահմանները փակելու մասին, իսկ մինչ կարանտին հայտարարելը` Վրաստանն արդեն մեկական սահմանային անցակետ էր թողել. Հայաստանի քաղաքացիների համար՝ Սադախլոյի, Ադրբեջանի քաղաքացիների համար՝ Կարմի կամրջի անցակետերը: Սահմանները բաց են միայն տվյալ երկրի քաղաքացիների համար:
Չնայած սահմանափակումները բեռնափոխադրումների վրա պաշտոնապես չեն տարածվում, խնդիր են ստեղծվել նաև բեռնատարների վարորդների համար: Հայկական սահմանին օրինակ, տասնյակ բեռնատարներ արդեն քանի օր է սպասում են իրենց հերթին: