Վրաստանում մարտի 24-ի ժամը 10:00-ի դրությամբ պաշտոնապես գրանցվել է կորոնավիրուսով վարակման 66 դեպք: Այստեղից առողջացած է համարվում արդեն 9 պացիենտ:
Կարանտինային գոտում է գտնվում 3320 մարդ, հատուկ ստացիոնար հսկողության տակ է 235 պացիենտ:
Կորոնավիրուսի ներքին տարածման կանխարգելման նպատակով Վրաստանում մարտի 21-ին 1 ամիս ժամկետով արտակարգ դրություն հայտարարվեց:
Մարտի 23-ից վարչապետ Գիորգի Գախարիայի հրամանով Քվեմո Քարթլիի շրջանում գտնվող Մառնեուլիի և Բոլնիսիի մունցիպալիտետները հայտարարվեցին խիստ կարանտինային գոտի: Պատճառը մարտի 22-ին Մառնեուլիի «Ջեո հոսպիտալ» կլինիկայում բուժում ստացող Մառնեուլիի բնակիչներից մեկի մոտ կորոնավիրուսի հայտնաբերումն էր:
Ավելի ուշ պարզ դարձավ, որ վարակակիրը մասնակցել է 400 հոգանոց սգո արարողության: Վարակակրի՝ մոտ 90 կոնտակտ արդեն հայտնաբերվել է: Առողջապահության փորձագետ Ակակի Զոիձեի խոսքով՝ Մառնեուլիում կորոնավիրուսով վարակվածը մոտ 1700 կոնտակտ է ունեցել:
Այս պահի դրությամբ փակ են Մառնեուլիի և Բոլնիսիի մունիցիպալիտետների մուտքերը, որոնք հսկում են Վրաստանի ՆԳ նախարարության աշխատակիցները և զինված ուժերը: