Ընդդիմադիր մի շարք կուսակցությունների ներկայացուցիչներ օրվա առաջին կեսին արդեն հայտարարել են ընտրակեղծիքների մասին:
Նրանք դրանում մեղադրել են իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը: Նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի նախկին զինակից Գեորգի Վաշաձեն, ով այժմ «Բուճուլաձեն-Պետությունը ժողովրդի համար» դաշինքի ղեկավարներից է, ասել է, որ մի քանի ընտրատեղամասերում ընտրակեղծիքների փորձ է արվել: Նրա խոսքով, 12-րդ և 20-րդ տեղամասերում մի քանի անձ փորձել է կրկնակի քվեարկություն իրականացրել: Վաշաձեի խոսքով, դաշիքնի անդամները նկատել են այդ խախտումը:
«Ընտրական կարուսելի» մասին տեղեկացրել է նաև «Հայրենասերների դաշինք»-ի ղեկավարներից Իրմա Ինաշվիլին, ով ընտրություններին մասնակցում է Սագարեջոյի ընտրատարածքից: Նրա տեղեկություններով, իշխող կուսակցությունը չորս միկրոավտոբուսներով ընտրողներին բաշխել է տարբեր տեղամասերում, իսկ ընտրատեղամասի հանձնաժողովի անդամները քվեախուց թույլատրել են մտնել միաժամանակ մի քանի հոգու:
Նախկին նախագահ Սահակաշվիլիի կուսակցությանը սատարող «Ռուսթավի-2» հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ ընտրախախտումների ականատես են եղել նաև ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները: Վերջիններս խոսել են հատկապես Սամցխե-Ջավախեթիում գրանցված խախտումների մասին:
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 8-ին Վրաստանում անցկացվում են խորհրդարանական և Աջարիայի ինքնավար հանրապետության Գերագույն խորհրդի ընտրությունները: Ընտրությունների ընթացքին հետևում են հազարավոր դիտորդներ տեղական և միջազգային կազմակերպություններից: