Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Լեվան Դավիթաշվիլին հանդիպել է ալյուր և ցորեն ներկրողների ու հաց արտադրողների հետ:
Քննարկում է տարվել՝ ալյուրի ու հացի գները կայուն պահելու անհրաժեշտության վերաբերյալ:
Նախարարը նշել է, թե ստեղծված իրավիճակում բնակչության համար ծայրահեղ կարևոր է, որ հիմնական սպառվող մթերքի գները չավելանան:
«Ցորենի պաշարները պարբերաբար վերահսկվում են, արտակարգ դրության պայմաններում հիմնական շեշտադրումն այս ուղղությամբ է: Հացի գինը չի ավելանա, ներկրման հետ խնդիրներ չեն լինի», — ասել է Դավիթաշվիլին:
Նախարարը ներկաներին ծանոթացրել է նաև պետության մշակած՝ 9 հիմնական մթերքի գները կայուն պահելու պրոյեկտի հետ, դրանք են՝ բրինձ, մակարոնեղեն, բուսական յուղ, ալյուր, շաքար, ցորեն, չոր կաթ, եգիպտացորեն, լոբի: Ըստ նախագծի՝ պետությունը որոշակի պայմաններից ելնելով՝ պետք է սուբսիդավորի տարադրամի փոխանակման արժեքի տարբերությունն այն ներկրող ընկերությունների համար, որոնք մարտի 15-ից մայիսի 15-ը կգնեն նշված ապրանքատեսակները: