«Georgian Airways» Վրաստանի հիմնական ավիափոխադրող ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Բոկերիան հայտնել է, որ վերանայել են գրեթե ողջ անձնակազմին չվճարվող հարկադիր արձակուրդի ուղարկելու որոշումը: Ըստ տնօրենի՝ այս փուլում ավիաընկերությունը անձնակազմին կուղարկի վճարվող արձակուրդի, որը ծրագրված էր ձմռան կամ ամռան համար: Բոկերիան ասում է՝ չնայած մենեջմենթն աշխատում է փաստացի առանց աշխատավարձի, իրենք կփորձեն խուսափել նախկին որոշումն իրականացնելուց, այդ քայլին կգնան միայն ծայրահեղ դեպքում: Հարցին, թե ինչու է վերանայվել ընդամենը նոր ընդունված որոշումը, Բոկերիան պատասխանել է՝ աշխատակիցների աշխատավարձը որոշել են վճարել պետության կողմից ֆինանսավորվող չարտերային չվերթների հաշվին, ընդ որում կառավարությունը չի միջամտելու աշխատավարձերի բաշխման քաղաքականությանը: Այս պահին արտգործնախարարության հետ հստակեցվում են չարտերների ուղղություններն ու ժամկետները: Գերատեսչությունը հոգալու է հայրենիք վերադառնալ ցանկացողների ծախսերը: Ուղևորների համար տոմսերն անվճար կլինեն, ավիաընկերությանը կվճարի պետությունը: Խոսքը Վիենայի, Ամստերդամի, Փարիզի, Բեռլինի, Հռոմի և Բարսելոնայի մասին է:
Հիշեցնենք՝ նախօրեին վրաստանյան ավիափոխադրողը պաշտոնական հայտարարություն էր արել`աշխատակիցների 95 տոկոսին անժամկետ, չվճարվող արձակուրդի ուղարկելու մասին:
Ընկերության գործերն, ի դեպ, վատ էին նաև մինչև կորոնավիրուսի վտանգի ի հայտ գալը: Դեռևս հունիսին, երբ պաշտոնական Մոսկվան հայտարարեց ՌԴ-Վրաստան չվերթների չեղարկման մասին, ավիափոխադրողը զգուշացրել էր, որ ֆինանսական մեծ կորուստները երկրի ու ընկերության համար անխուսափելի են: Խոսքն ավելի քան 25 մլն. դոլարի մասին էր: