Հարկ եղած դեպքում կարգելվի նաև հանրային տրանսպորտը. Կալաձե

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ, հարկ եղած դեպքում քաղաքում չի աշխատի նաև հանրային տրանսպորտը: Այս մասին նա հայտարարել է մամլո ասուլիսի ընթացքում:

«Այս փուլում որոշումը դեռ չի կայացվել, չնայած մենք հանրային տրանսպորտի հետ կապված ամենօրյա ռեժիմով լիարժեք տեղեկատվություն ունենք և հետևում ենք: Եթե անհրաժեշտություն լինի և որոշումը կայացվի, իհարկե հանրային տրանսպորտը կդադարեցնի աշխատանքը»,- նշել է Կալաձեն:

Նշենք, օրեր առաջ արգելվեց երթուղային տաքսիներով տեղաշարժը: Պատճառն այն է, որ երթուղային տաքսիներում փոքր տարածքը կորոնավիրուսի վտանգ է ներկայացնում:

Երթուղային տաքսիներով տեղաշարժն արգելվել է Թբիլիսիում, Ռուսթավիում, Քութայիսիում, Բաթումիում և Վրաստանի այլ քաղաքներում: Սահմանափակումներով են աշխատում երթուղայինները նաև գյուղերում ու մունիցիպալիտետներում: