Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն խոսել է այս օրերին կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված սոցցանցերում լայն տարածում ստացած մի քանի միֆերի մասին:
Մասնավորապես՝ նա չի հաստատել կամ հերքել լուրերն այն մասին, որ կորոնավիրուսը երկար է մնում մթնոլորտում ու տարածվում է ոչ միայն կաթիլային, այլև օդային ճանապարհով, նշել է, որ այդ հարցը դեռևս հետազոտվում է: Նա նշել է, որ եղել են գիտական հրապարակումներ, որոնցում խոսվում է այն մասին, թե հնարավոր է՝ վարակը մնա օդում՝ աերոզոլի տեսքով, սակայն պաշտոնապես այս վարկածը հաստատված չէ, այժմ ավելի հակված են հավատալ այն տեսակետին, թե վարակն անցնում է կաթիլային ճանապարհով ու արագ վերանում օդում:
95 տոկոսանոց սպիրտով ախտահանման հետ կապված՝ Իմնաձեն ասել է, որ այն չի կարելի օգտագործել նշված նպատակով: Ախտահանման համար սպիրտը պետք է լինի 60% -70%:
Մասնագետը հերքել է մեկ միֆ այն մասին, թե հնարավոր է ինքնաստուգման միջոցով պարզել վարակի առկայությունը, սոցցանցերում սա ևս ակտիվորեն տարածվում է: Շատերը հավատում են, իբր 15 վայրկյանով շնչառությունը պահելը բավական է՝ պարզելու վարակված ես, թե ոչ: Եթե 15 վայրկյանում մարդը չհազա ու կարողանա պահել շնչառությունը, ուրեմն առողջ է: Իմնաձեն ասում է՝ շնորհակալ կլինի, եթե իմանա այս տեղեկատվության աղբյուրը:
Սխտոր, կիտրոն ու պղպեղ. Այս մթերքը շատ օգտակար է, սակայն վիրուսից պաշտպանող չեն՝ հիասթափեցնում է Իմնաձեն: