Կորոնավիրուսի հետ կապված միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշմամբ, պարտադիր կարանտին կանցնեն ցանկացած երկրից վերադարձող Վրաստանի բոլոր քաղաքացիները:
Վարչապետի մամլո խոսնակ Իրակլի Չիքովանիի խոսքով, այսուհետ սահմանափակումը կվերաբերվի ոչ միայն ռիսկային երկրներին:
Սրա հետ կապված մաքսակետերի` Լարսի, կարմիր կամրջի ու Սարփիի հարակից տարածքներում կարանտինային գոտիներ կստեղծվեն:
Հիշեցնենք, այսօր` մարտի 20-ին Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի ևս 3 դեպք: Արձանագրված դեպքերի թիվն այսօրվա դրությամբ 43 է, կարանտինային գոտում գտնվում է 1575 մարդ, հատուկ հսկողության տակ` 275:
Վրաստանի կառավարությունը մի շարք սահմանափակումներ է մտցրել կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով, այդ թվում`
մարտի 18-ից երկու շաբաթով արգելվել է բոլոր օտարերկրացիների մուտքը Վրաստան, բոլոր սահմանները փակ են:
Վրաստանում ուսումնական հաստատությունները հեռահար են գործում, փակ են գրեթե բոլոր հաստատությունները բացի պետական ծառայություններից, բանկերից, սննդի խանութներից, դեղատներից ու բենզալցակայաններից: Խորհրդարանը լրատվամիջոցների հետ որոշում է կայացրել աշխատել առցանց, քննարկվում է խորհրդարանի առցանց գործունեության հարցը ևս:
Արգելվել են երթուղային տաքսիների երթևեկը, սպորտային սրահների գործունեությունը: Կառավարությունը կոչ է անում ինքնամեկուսացվել՝ հատկապես 60-ն անց տարիքով մարդկանց չհաճախել մարդաշատ վայրեր: