Վրաց-ռուսական սահման տանող՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին բեռնատարների կուտակումներ են։
Ըստ Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջում տարածված հայտարարության՝ պատճառը եղանակային անբարենպաստ պայմաններն են, նաև կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով սահմանին իրականացվող ախտահանման աշխատանքները։
Հայտարարությունում մասնավորապես նշվում է՝ սահմանին առկա կուտակումներով պայմանավորված՝ Վրաստանի պարեկային ոստիկանությունը Վրաստանի տարածքով Ռուսաստան գնացող բեռնատարների երթևեկը կանգնեցնում է ավտոճանապարհի տարբեր հատվածներում (վրաց-հայկական սահման, Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհ, Նատախտարի, Ժինվալի, Նադիբանի, Կոբի, իսկ Թուրքիայից Ռուսաստան գնացող բեռնատարներն էլ կանգնեցվում են Խաշուրի քաղաքի մերձակայքում)։ Վերոնշյալ վայրերից բեռնատարների բացթողումն ուղիղ կապված է այլ բեռնատարների կողմից վրաց-ռուսական սահմանը հատելու հետ։
Դեսպանությունը նշում է, որ տեղեկատվությունը, թե Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհին միայն հայկական բեռնատարներին են կանգնեցնում, չի համապասխանում իրականությանը։ Այդ ճանապարհով բաց է միայն այն բեռնատարների երթևեկը, որոնք գնում են Բաթումիի ուղղությամբ։