Վրաստանի կառավարության շենքում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն ներկայացրել է վարչապետի հետ համաձայնեցված ծրագիրը՝ կապված երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման հետ:
Ցերցվաձեի խոսքով, առաջին փուլում 5 կլինիկայի հետ համաձայնություն կա, որոնք կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով մարտի 15-ից կտրամադրեն 451 տեղ: Այս կլինիկաներից 4-ը պետական են:
«Եթե մինչ այս պահը միայն Ինֆեկցիոն հիվանդանոցն էր ընդունում պացիենտներին, արդեն որոշվել է, որ հիվանդներին կընդունեն հետևյալ 5 կլինիկաները՝ այդ թվում նաև ինֆեկցիոն հիվանդանոցը: Ամբողջությամբ կարանտինային գոտու կվերածվեն 8-րդ հիվանդանոցը, համալսարանական հիվանդանոցը, ինչպես նաև հանրապետական և Գորիի հիվանդանոցները»,- ասել է Ցերցվաձեն:
Որոշումն արդեն համաձայնեցված է Վրաստանի վարչապետի հետ, վաղվանից 440 տեղ պատրաստ կլինի կարանտինում գտնվող հիվանդներին ընդունելու համար:
Սրա հետ մեկտեղ, հարկ եղած դեպքում 3600 տեղ կազատեն նաև մասնավոր հիվանդանոցները, ինչպիսիք են՝ «Էվեքսը», «Ավերսին» և այլն: Ցերցվաձեի խոսքով՝ նախնական համաձայնություն արդեն իսկ կա, այս պահին քննարկվում են մանրամասները:
Հիշեցնենք, այս պահի դրությամբ Վրաստանում արձանագրված է կորոնավիրուսի 30 դեպք, որից 2-ը Իրանից են եկել, մեկը՝ Իսպանիայից, իսկ 12-ը ճանապարհորդում էր Իտալիայում, 10-ը՝ կոնտակտ է ունեցել Իտալիայից ժամանած 12 վարակակիրների հետ: