«Կորոնավիրուսի դեպքերը երկրում կավելանան, հետևաբար պատրաստակամության ռեժիմն ավելի ու ավելի պետք է ուժեղանա»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:
Գամկրելիձեի խոսքով կենտրոնական ինֆեկցիոն հիվանդանոցում գտնվող 15 անձի վիճակը ընդհանուր առմամբ բավարար է, սակայն 4-ի նկատմամբ առավել մեծ ուշադրություն է հարկավոր:
«Ինչ վերաբերում է կանխատեսմանը, գլոբալ իրավիճակը Չինաստանից դուրս վատթարանում է: Այս պահին ամենաբարձր ցուցանիշն ունեն Հվ. Կորեան, Իտալիան և Իրանը, որտեղ արդեն հաստատված դեպքերն անցել են 7000-ը, ինչպես նաև 1000 դեպք է գրանցվել Ֆրանսիայում և Գերմանիայում: Այնպես որ ընդգծում եմ, Չինաստանից դուրս իրավիճակը դեռ չի վերահսկվում»,- հայտարարել է Գամկրելիձեն:
Նրա խոսքով այժմ Վրաստանում հնարավոր չէ կանխատեսել, որ դեպքերը կսահմանափակվեն մինչև այժմ գրանցված 15 դեպքով:
«Կորոնավիրուսի դեպքերի քանակը երկրում կավելանա, հետևաբար պատրաստակամության ռեժիմը ավելի ու ավելի պետք է ուժեղանա: Պետք է խստացվեն սահմանները, բարձր ռիսկային երկրներից ժամանածների համար կարանտին և ինքնամեկուսացում, ինչպես նաև անհրաժեշտ է այն անձանց ինքնամեկուսացումն ու կարանտինը, ովքեր բարձր ռիսկային երկրներից են մուտք գործում Վրաստան, սակայն չգիտեն շփում ունեցել են թե ոչ վարակված մարդու հետ»,- հայտարարել է Գամկրելիձեն: