Մարտի 8-ին երկարատև բանակցություններից հետո Վրաստանի իշխանությունն ու ընդդիմությունը կարողացան հասնել համաձայնության: Վրաստանում ԱՄՆ դեսպանատանը տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը ստորագրել են համապատասխան փաստաթուղթ, որի համաձայն 2020 թվականի աշնանը երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 120/30 մոդելով:
Նախ հիշենք, ի՞նչ տեղի ունեցավ 2019 թվականին
Այս պահին Վրաստանում գործում է խառը ընտրական համակարգ, ըստ որի Խորհրդարանը ձեւավորվում է 77 համամասնական և 73 մեծամասնական կարգով ընտրված պատգամավորներից: Նախորդ տարվա հունիսին երկրում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր և նախագահ Բիձինա Իվանիշվիլին հանրությանը խոստացավ, որ սահմանադրությունում կկատարվեն փոփոխություններ և 2020 թվականի ընտրությունները կանցկացվեն ամբողջապես համամասնական ընտրակարգով, այսինքն` 150 մանդատը բաժանվելու էր միայն համամասնական ցուցակների համապատասխան: 2019 թվականի նոյեմբերի 14-ին շուրջ 40 մեծամասնական պատգամավոր սահմանադրական փոփոխությունների մասին օրինագծին դեմ քվեարկեց, սակայն փոփոխություններն իրականություն չդարձան: Արդյունքում սկսվեցին բողոքի ակցիաներ, շենքերի արգելափակումներ, բողոքներ արևմուտքի և վրաց հասարակության կողմից, որոնք իշխող կուսակցության քայլը բնութագրեցին որպես խոստումից հետ կանգնել, կամ` ինչպես ընդդիմությունն էր ասում. «իշխանության կողմից վրաց հասարակությանը քցելու» քայլ:
Մարտի 8-ի համաձայնությունը.
Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանի և ԵՄ դեսպանի և այլ երկրների դիվանագետների միջնորդությամբ ի վերջո Վրաստանի ընդդիմությունն ու իշխանությունը նստեցին բանակցությունների սեղանի շուրջ: Բազմաթիվ անհաջող հանդիպումներից հետո կողմերն ի վերջո համաձայնության եկան հետեւյալի շուրջ.
1. 120/30 մոդելի
2. 1 տոկոսանոց անցումային շեմի
3. 40 տոկոսանոց կառավարության ձևավորման պատնեշի շուրջ
Այսպիսով, ընտրությունների արդյունքում երկրի խորհրդարանը կկազմվի 120 համամասնական և 30 մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներից:
Ինչպես է 2020 թվականի ընտրությունների համար կազմվելու 30 մեծամասնական շրջանը, նախկին 73-ի փոխարեն:
Վրաստանի իշխանության և ընդդիմության միջև մարտի 8-ին ստորագրվել է հուշագիր, որտեղ մեծամասնական շրջանների մասին հատվածում ասվում է, որ 30 մեծամասնական շրջանների սահմանները պետք է որոշի երկրի սահմանադրական դատարանը՝ Վենետիկի հանձնաժողովի խորհուրդների համաձայն:
Հուշագրում ասվում է, որ ընտրատարածքները ձևավորելիս առավելություն պետք է տրվի Վրաստանի շրջանների շրջանակներում ընտրատարածքներ ձևավորելուն, եթե ընտրողների քանակը տալիս է դրա հնարավարությունը:
Ընտրատարածքների որոշման կարգերում հնարավոր է թույլատրել երեք բացառություն՝ փոքրամասնություններին և բարձր լեռնային գոտիների բնակիչներին խրախուսելու կամ հատուկ աշխարհագրական պահանջներից ելնելով:
Ելնելով հուշագրում նշված բացառություններից, կարող ենք ենթադրել որ Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական շրջանը կպահպանվի որպես փոքրամասնություններին խրախուսման միջոց:
2015 թվականին ընտրական օրենսգրքում կատարված փոփոխություններից հետո Ախալքալաքի և Նինոծմինդայի մեծամասնական շրջանները միավորվեցին և դարձան մեկ մեծամասնական շրջան, ինչի արդյունքում 2016 թվականից ջավախահայությանը Վրաստանի խորհրդարանում ներկայացնում է 1 մեծամասնական պատգամավոր: