Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակած տեսաուղերձում անդրադարձել է նախօրեին ընդդիմության և իշխանության հանդիպմանը հասած համաձայնությանը: Սաակաշվիլիի խոսքով, անթերի ընտրական համակարգ չի կարող լինել, չնայած ընտրություններից հետո այն հնարավոր կդառնա:
«Շատ կարևոր է, որ մեր քաղբանտարկյալների մի մասն ազատ արձակվի: Պարտադիր կարգով պետք է ազատվի Գիգի Ուգուլավան և այլ քաղբանտարկյալներ: Վրաց ժողովրդի մեծ մասն ուզում է, որ ներգրավվեմ Վրաստանում ծավալվող քաղաքական գործընթացներում: Անթերի ընտրական համակարգ այս պահին չենք կարող ունենալ, բայց ընտրություններից հետո, երբ Իվանիշվիլին, անպայման, կպարտվի, պարզապես կոչնչացնենք նրա «երազանքը» ու վրաց ժողովուրդը կհաղթի: Հետո, հնարավոր է, շատ ավելի լավ ընտրական համակարգ ընդունենք: Հիմա կարևորը մոբիլիզացումն է, հարձակումն ու շատ վստահ, միավորված ուժերով դեպի հաղթանակ գնալը»,- հայտարարել է Սաակաշվիլին:
Հիշեցնենք՝ նախօրեին իշխող և ընդդիմադիր կուսակցությունները համաձայնության են եկել ընտրական համակարգի շուրջ: Ընտրվել է 120/30 մոդելը, այսինքն՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Վրաստանի խորհրդարանը կունենա 120 համամասնական, 30՝ մեծամասնական պատգամավոր: