Վրաստանի կառավարությունը որոշում կայացրեց ժամանակավորապես դադարեցնել Իտալիայի հետ ուղիղ չվերթները:
Քիչ առաջ այս մասին ասվեց վարչապետի գլխավորությամբ կորոնավիրուսի հետ կապված միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ընթացքում:
Խորհրդի նիստում Վրաստանի կառավարության ղեկավարը տեղեկացել է Վրաստանում կորոնավիրուսով վարակված 9 հիվանդի առողջական վիճակի և աշխարհում ընդհանուր համաճարակաբանական իրավիճակի վերաբերյալ: Նշվել է, որ բոլոր վարակակիրների առողջական վիճակը բավարար է, կարանտինում շարունակում է մնալ 162 մարդ:
Այսօր խորհուրդը նոր որոշումներ է ընդունել՝ կորոնավիրուսի վարակի տարածումը կանխելու նպատակով: Մասնավորապես՝ սահմանային անցակետերում սահմանված նոր կարգ է գործելու ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների համար: Վերջին օրերին ռիսկային երկրներ այցելություն կատարած քաղաքացիները ենթակա են ինտենսիվ սկրինինգի, պարտադիր 14-օրյա կարանտինում են մնալու:
Վրաստանի կառավարությունն իր երկրի քաղաքացիներին կոչ է անում ձեռնպահ մնալ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից համաճարակի ռիսկ ունեցող երկրներ (Չինաստան, Հարավային Կորեա, Իտալիա, Իրան) ճանապարհորդելուց:
Այսօրվա հանդիպմանը կրկին շեշտվել է, որ երկրում խուճապի պատճառ չկա, և որ կառավարությունը լիովին վերահսկում է գործընթացը: