Վրաստանի կալանավայրերը ևս անցել են հատուկ ռեժիմի՝ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով:
Կալանավորները ստիպված կլինեն որոշ ժամանակով հրաժարվել հարազատների հետ տեսակցություններից ու տարածքից դուրս գալուց:
Հայտարարությունը տարածել է երկրի հատուկ բանտային ծառայությունը:
Մասնավորապես՝ մեղադրյալներին ու դատապարտյալներին արգելվել են երկարաժամկետ ու կարճաժամկետ տեսակցությունները, բանտից տարածքը կարճ ժամանակով լքելը, անձնական հանգամանքներով դուրս գալը: Բացի այդ՝ արգելվել է աշխատանքի կամ ուսման նպատակով, ինչպես նաև տոնական ու ոչ աշխատանքային օրերին տարածքից դուրս գալը:
Ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության՝ 2019-ի հունվարի 1-ի դրությամբ երկրի կալանավայրերում պատիժ է կրում ավելի քան 9,6 հազար մարդ:
Հիշեցնենք, որ այսօր Վրաստանում կորոնավիրուսի վարակի 9 հասատված դեպք կա: Երկրում մեծամասշտաբ կանխարգելիչ միջոցառումներ են տարվում, մասնավորապես՝ ժամկետից շուտ արձակուրդ է հայտարարվել նախակրթական, հանրակրթական ու բարձրագույն հաստատություններում, մասնակի կամ լիովին դադարեցվել են ավիա և ցամաքային հաղորդակցությունը, նաև բեռնափոխադրումները ռիսկային մի շարք երկրների հետ: