Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին տեսաուղերձ է տարածել՝ նշելով, որ նոր կորոնավիրուսի հետ կապված՝ պետք է ժամանակավորապես արգելվի Իրանի քաղաքացիների մուտքը Վրաստան:
Սաակաշվիլին նշել է, որ առաջիկայում իրանցիները նշելու են Նովրուզը, որի կապակցությամբ պլանավորում են գալ Վրաստան, մինչդեռ կառավարությունը ոչինչ չի ձեռնարկում։
«Վրաստանը ունի շատ հատուկ մարտահրավերներ: Մոտենում է իրանական Նոր տարին՝ Նովրուզ Բայրամը և գաղտնիք չէ, որ իրանցի զբոսաշրջիկները հաճախ գալիս են Վրաստան, նրանք շատ են սիրում Վրաստանը: Ես խնդիր չեմ տեսնում, երբ զբոսաշրջիկը գալիս է նորմալ իրավիճակում, գումար է ծախսում, դա լավ է մեր տնտեսության և հասարակության համար: Բայց այսօր Իրանում կորոնավիրուսը տարածված է, դպրոցները փակ են, հասարակական վայրերը փակ են, համերգներն արգելված են:
Այս պայմաններում ակնկալվում է, որ 40-50․000 իրանցիներ Վրաստան կայցելեն Նովրուզ Բայրամին և կմասնակցեն համերգների, հասարակական միջոցառումների», — ասել է Սաակաշվիլին: