Վրաստանի հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքով, իրենք տեղեկություններ ունեն, որ երկիր վերադարձող որոշ անձինք ջերմությունն իջեցնող հաբեր են ընդունում, որպեսզի խուսափեն ստուգումներից:
Գամկրելիձեն «Իմեդի» հեռուստաընկերության եթերից կոչ է անում չթաքցնել հիվանդության ախտանշանները և հաղորդել համապատասխան մարմիններին, քանի որ եթե նրանք ունեն որևէ տեսակի հիվանդություն, նրանց ընտանիքի անդամներն ու հարազատները, ամենայն հավանականությամբ, վարակվելու են:
«Մենք տեղեկություններ ունենք, որ որոշ մարդիկ ջերմություն իջացնող դեղ են խմում` ջերմային զննումից խուսափելու համար: Սա քաղաքացիական համերաշխության նշան չէ: Եթե Իտալիայից վերադառնալիս ունենաք ջերմություն, ձեզ օդանավակայանից կտեղափոխեն ինֆեկցիոն կլինիկա:
Այսօր ես այդ մարդկանց կոչ եմ անում ավելի մեծ քաղաքացիական պատասխանատվություն ցուցաբերել: Նրանք, ովքեր գալիս են Հյուսիսային Իտալիայից, պետք է բուժվեն մեկուսացված, եթե պայմաններ չունենան, ապա նրանք պետք է 14 օր գտնվեն կարանտինում», — ասել է Գամկրելիձեն: