Վրաստանի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչները դեռևս չեն կարողանում համաձայնության հասնել ընտրական համակարգի փոփոխության վերաբերյալ:
«Վրացական երազանք» կուսակցությունն առաջարկում էր 100/50 մոդելը, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո իշխող թիմը գնաց ևս մեկ զիջման և հայտարարեց մանդատների բաժանման 110/40 մոդելը:
Ընդդիմությունն ունի երկու պահանջ.
Առաջինը, ըստ ընդդիմության պետք է ազատ արձակվեն բոլոր քաղբանտարկյալները, որոնցից առաջինը փետրվարի 10-ին ձերբակալված Գիգի Ուգուլավան է:
Երկրորդ պահանջն է՝ սահմանել մանդատների բաժանման այնպիսի կարգ, որը կապահովի որպեսզի 40 տոկոսից պակաս ձայն հավաքած կուսակցությունն ինքնուրույն չկարողանա ձևավորել իշխանություն: Այսինքն մանդատների բաժանումը տեղի ունենա 130/20 մոդելով՝ 130 համամասնական, 20 մեծամասնական մանդատ:
Օրենսդրական փոփոխություններ կատարելու համար ամենաուշը կողմերը համաձայնության պետք է հասնեն մարտի 9-ին, այլապես օրենքով նախատեսված կարգով հնարավոր չի լինի սահմանադրական փոփոխություններ կատարել: Փոփոխություններ չկատարելու դեպքում 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն նախկին ընտրակարգով, որի համաձայն մանդատները բաժանվում են 77/73 մոդելով: