Վրաստանի խորհրդարանի պատգամավորի մեքենան հրկիզելու փաստն անհանգստացրել է Հյուսիսատլանտյան դաշինքին, որն ավելի վաղ խոստացել էր ուշադիր և հետևողական լիել ընտրական գործընթացին:
«ՆԱՏՕ-ն մտահոգված է նախընտրական ընթացքում գրանցված բռնության փաստով, քարոզարշավը պետք է անցնի խաղաղ միջավայրում, ժողովրդավարության սկզբունքներին համապատասխան», -իր ֆեյսբուքյան էջում այս գրառումն է արել ՆԱՏՕ-ի՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրայը:
Հիշեցնենք՝ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության թեկնածուի մեքենան այրվել էր հոկտեմբերի 4-ին, Թբիլիսիի կենտրոնում: Պայթյունի պահին մեքենայում են եղել Թարգմաձեն և նրա վարորդը, ովքեր թեթև վնասվածքներ են ստացել, ավելի շատ տուժել է 4 անցորդ, նրանք տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են: Վարչապետ Կվիրիկաշվիլին արդեն հայտարարել է, որ մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ, նա տեղեկացրել է, որ հետաքննություն է տարվում, միջոցներ են ձեռնարկվել դեպքի մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ:
Երկրի նախընտրական մթնոլորտը գնահատել է նաև Վրաստանում ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչ Նիլ Սկոտը: Լրագրողների հետ զրույցում Սկոտն ասել է, որ մինչև վերջին պահը օրինակելի քարոզարշավ էր ընթանում, սակայն վերջին օրերի միջադեպերը փոխել են պատկերը. «Մինչև վերջ թվում էր՝ մենք կարող էինք ասել, թե Վրաստանը բոլոր առումներով օրինակելի նախընտական արշավ է անցկացնում, այդ թվում նաև մեդիա միջավայրի տեսանկյունից։ ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը եւ բոլոր միջազգային կազմակերպությունները դատապարտում են ցանկացած բնույթի բռնություն»: