Ըստ Վրաստանի ցամաքային տրանսպորտի գործակալության՝ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով՝ Իտալիայի և Իրանի հետ բեռնափոխադրումները դադարեցվել են:
Այսօրվանից ոչ մի նոր թույլտվություն չի տրվելու: Գործակալությունը սա բացատրում է նրանով, որ այս պահին Իրանն ու Իտալիան, Չինաստանի և Հարավային Կորեայի հետ միասին, համարվում են բարձր ռիսկային երկրներ, որոնցից կորոնավիրուսի ներթափանցման ռիսկը բարձր է:
Հիշեցնենք՝ կորոնավիրուսային վարակի առաջին դեպքը գրանցվել է Վրաստանում փետրվարի 26-ին, իսկ երկրորդը Հիվանդությունների վերահսկման կենտրոնի կողմից հաստատվեց այսօր ՝ փետրվարի 28-ին: Երկու դեպքում էլ հիվանդները Վրաստանի քաղաքացիներ են, մեկը վերադարձել է Ադրբեջանից, մինչ այդ եղել է Իրանում, մյուսը Իտալիայից է վերադարձել՝ Քութայիսի օդանավակայանով: