Վրաստանի Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով, Վրաստանի սահմանային անցակետերում, օդանավակայաններում կստուգվեն նաև այն ուղևորները, որոնք եղել են Իրանում: Այս մասին նա հայտարարել է կորոնավիրուսի թեմայով անցկացրած հատուկ մամլո ասուլիսի ընթացքում:
«Չինաստան այցելած ուղևորներն անցնում են հատուկ թերմոսկրինինգ և այլ հետազոտություններ: Այս ամենը կվերաբերի նաև վերջին երկու շաբաթվա ընթացքում Իրանում եղած մարդկանց: Նաև քննարկվում է նույն ընթացակարգերն իրակացնել այլ բարձր ռիսկային երկրներից այցելած ուղևորների հետ կապված:
Գամկղրելիձեն խոսել է նաև Վրաստանում կորոնավիրուսի հնարավոր դեպքերի մասին: Ըստ նրա, նման 24 դեպք է արձանագրվել, ոչ-ոքի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:
Հիշեցնենք, Վրաստանի կառավարությունը կորոնավիրուսի ներթափանցումը երկիր բացառելու համար դադարեցնում է Իրանի հետ ավիահաղորդակցությունը: Կառավարության տարածած հայտարարության համաձայն, այս փուլում տեղափոխվելու համար մնում է ցամաքային սահմանը, որտեղ կգործեն խիստ սահմանափակումներ: Ըստ կառավարության, հարկ եղած դեպքում չի բացառվում նաև ցամաքային արգելքը: