Թբիլիսիում է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։ Նախօրեին նա հանդիպել է Վրաստանում կանգ առած հայկական բեռնափոխադրող ընկերությունների վարորդների հետ, ովքեր արդեն քանի օր է սպասում են՝ վրաց-ռուսական սահման տանող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի փակ լինելու պատճառով։ Նախարարը լսել է վարորդների մտահոգություններն ու քննարկել աջակցելու և իրավիճակը մեղմացնելու տարբերակներ։
Պապիկյանն ասում է՝ Լարսի հարցը Վրաստանի ու Ռուսաստանի տիրույթում է, Հայաստանն այս դեպքում միայն հետաքրքված կողմ է՝ որպես տարանցիկ ճանապարհից օգտնվող երկիր։ Մի քանի տարվա ծրագրերում նոր թունելի կառուցումն է․ «Հայաստանի համար Լարսի խնդիրը նոր չէ, այլընտրանքը Վրաստանը Ռուսաստանին կապող մատչելի ու անցանելի ճանապարհի ստեղծումն է, ինչի ուղղությամբ երկու երկրների գործընկերներն աշխատում են, նախատեսվում է առաջիկայում կառուցել 9 կմ երկարությամբ նոր թունել, ինչը ոչ միայն կարագացնի ընթացքը դեպի Ռուսաստանի դաշնություն, այլև ավելի լայն է լինելու, վարորդներին հնարավորություն է տրվելու խուսափել այն ձնահոսքերից, որոնք հիմա խանգարում են ճանապարհին, այսինքն պրոցեսը մեկնարկած է, մի քանի տարում արդյունք կունենանք, իսկ այս փուլում ուղղակի կազմակերպական հարցեր ենք լուծում, որպեսզի մեր վարորդները, ովքեր ձնաբուքի ու եղանակային պայմանների պատճառով հաճախ ստիպված են օրերով սպասել, մի փոքր ավելի հարմարավետ տեղում, ավելի կանոնակարգված, սննդի ու այլ ենթակառուցվածքներին ավելի մոտ հատվածներում կայանեն, որի լուծումը կարելի է գտնել, դեսպանատունն ակտիվ աշխատում է, խոսել եմ վարորդների հետ, գոհ են վերաբերմունքից ու մոտեցումից»,- Ալիք մեդիային ասաց Սուրեն Պապիկյանը։
Պապիկյանը Վրաստան այցի շրջանակներում վրաց գործընկերոջ՝ Վրաստանի տնտեսության և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավայի հետ քննարկել է նաև էներգետիկ ու տրանսպորտի ոլորտին վերաբերող հարցեր։ Կարևորվել է Հայաստանի և Վրաստանի էներգետիկ տարանցիկ նշանակությունը տարածաշրջանում․
«Անդրադարձ է եղել էներգետիկ անվտանգության ապահովման նպատակով անհրաժեշտ համատեղ քայլերին, մասնավորապես` Վրաստանի միջով Հայաստան եկող գազատարի վրացական տարածքում գտնվող հատվածի տեխնիկական վիճակի բարելավմանն ուղղված աշխատանքներին, ինչի շնորհիվ կապահովվի դեպի Հայաստան հուսալի և անխափան գազամատակարարումը։ Համատեղ ծրագրեր կան՝ ճանապարհաշինության հետ կապված՝ մասնավորապես Սադախլո-Բագրատաշեն կամրջի կառուցման խնդիրը, մենք մեր հերթին խոսել ենք խոստումների ու ծրագրերի մասին, ժամկետների հստակեցում, հարցեր, որոնք մեզ համար կենսական են, օրակարգային են»։