«Վրացական երազանք» կուսակցությունը համամասնական ընտրացուցակում հայազգի 2 թեկնածու է առաջադրել։ Նրանցից Ռուսլան Պողոսյանն իր քաղաքական գործունեությունը սկսել է 2012թ-ին՝ առաջին անգամ որպես կուսակցական մասնակցելով ընտրություններին: Այն ժամանակ Պողոսյանը «Վրացական երազանք»-ի համամասնական ընտրացուցակում 38-րդ, այժմ արդեն 19-րդ տեղն է զբաղեցնում: Ալիք Մեդիայի հետ զրույցում Ռուսլան Պողոսյանը խոսեց իշխող կուսակցության և ազգային փոքրամասնությունների համար արդիական մի շարք թեմաների շուրջ:
Այս պահին Ռուսլան Պողոսյանը խորհրդարանում զբաղեցնում է Մարդու իրավունքների եւ քաղաքացիական ինտեգրման հանձնաժողովի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Խոսելով սպասվող խորհրդարանական ընտրությունների մասին, նա ասաց, որ «Վրացական երազանք» կուսակցությունը ընտրությունների գնում է էլ ավելի ուժեղացած:
«Չնայած նրան, որ մեր կուսակցությունը բազամամարդ է, նրանցից շատերը քաղաքական մեծ փորձ ունեն, միևնույն ժամանակ կուսակցությունը երիտասարդ է․նրան ժամանակ է պետք՝ փորձ կուտակելու եւ հզորանալու համար։ Ես կարծում եմ, որ անցած չորս տարիները այդ առումով շատ բան են տվել»։
Ըստ Ռուսլան Պողոսյանի, 2012թ.-ին երկրում ֆորս-մաժորային իրավիճակ էր, որի միակ ելքը կոալիցիա կազմելն էր։ Ահա սա էր «Վրացական երազանք»-ը որպես կոալիցիա ներկայացնելու հիմնական նպատակը: Պողոսյանը նշեց նաեւ, որ նախընտրական քարոզարշավները Վրաստանի պատմության ընթացքում երբեք նման խաղաղ միջավայրում չեն անցել:
«Չեմ բացառում նաեւ տարբեր տեսակի սադրանքներ, որոնք կարող են հրահրել հենց «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները: Նրանք դրա մասին արդեն վաղուց են ակնարկում: Նրանք չեն ընդունում այն, որ ժողովուրդն այլեւս չի ուզում իրենց ընտրել, ուստի և որոշել է դիմել բռնության»։
Համեմատելով կուսակցության 2012 եւ 2016թթ նախընտրական ծրագրերը, Ռուսլան Պողոսյանը նշեց, որ փոխվել են ռազմավարական մոտեցումները:
«Սա կառուցող իշխանություն է: Մենք երկիրը չենք կառուցում վախի մթնոլորտի վրա. Եթե որեւէ մեկը համաձայն չէ մեր այդ մոտեցման հետ, մենք նրան չենք ձերբակալի»։
Անդրադառնալով կուսակցության նախընտրական ծրագրի ազգային փոքրամասնություններին վերաբերող հատվածին, Պողոսյանն ասաց, որ այն լիովին իրատեսական է:
«Երկրի զարգացման հարցում փոքրամասնությունների ինտեգրումը մեծ պոտենցիալ է իրենից ներկայացնում: Կարևոր է, որ սա յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի: Պետք է ինտեգրման հարցին իրատեսորեն նայել: Միայն ցանկությունը բավարար չէ․ այն դեռ իրականացնել է պետք: Չի կարելի ասել՝ որեւէ կուսակցություն կարող է դա անել մի քանի շաբաթվա ընթացքում: Այդպես չէ: Թղթի վրա ամեն ինչ կարելի է գրել, բայց մենք ռեալ ելքեր ենք առաջարկում:»
Պողոսյանն առանձնացնում է փաստը, որը տարեցտարի աճում է Ջավախքից Թբիլիսիի համալասրաններ դիմող քաղաքացիների թիվը։ Ըստ նրա, սա արդեն դրական երևույթ է պետական լեզվին տիրապետելու և ինտեգրվելու տեսանկյունից։
Ռուսլան Պողոսյանը համոզված է, որ «Վրացական երազանք» կուսակցությունը կհաղթի առաջիկա խորհրդարանական ընտրություններում: «Ընտրելով մեզ ժողովուրդն ընտրում է իր ապագան»,- համոզված է Պողոսյանը: