Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության շարքերից հնարավոր է հեռանա նաև առաջնորդներից Գրիգոլ Վաշաձեն: Այս մասին հայտարարություն է տարածել «Իմեդի» հեռուստաընկերությունը: Րոպեներ անց, սակայն, «Միացյալ ազգային շարժումը» հերքել է տարածված լուրը:
Ըստ «Իմեդի» հեռուստաընկերության, լուրեր են շրջանառվում, որ Գրիգոլ Վաշաձեի և նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի միջև անհամաձայնությունը վերջինիս՝ անկախ նախընտրական շտաբ հիմնադրելու մասին նախաձեռնության շուրջ է:
«Եվրոպական Վրաստան» ընդդիմադիր կուսակցությունն էլ նշել է՝ Սաակաշվիլիի շտաբի հետ չի պատրաստվում համագործակցել․ այս պահին միավորված ընդդիմությունը նախընտրական համատեղ աշխատանքն է մշակում։
Վերջին մի քանի օրվա ընթացքում «Միացյալ ազգային շարժում» կուսակցության շարքերից հեռացել են Չիորա Թաքթաքիշվիլին, Նինո Կալանդաձեն, Զազա Բիբիլաշվիլին և Մարիամ Գերսայան: