Բարձրլեռնային բնակավայրերի զարգացման հիմնադրամի համար հատկացված 20 միլիոն լարիից 10 միլիոնը կօգտագործվի բարձրլեռնային շրջաններում տարբեր ենթակառուցվածքային աշխատանքների, իսկ մնացած 10 միլիոնը գյուղատնտեսական զարգացման ծրագրերի իրականացման համար: Այս մասին ասվում է Վրաստանի Կառավարության որոշման մեջ:
«Բարձր լեռնային շրջաններում պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերի ռացիոնալ օգտագործման պետական ծրագրի» շրջանակներում Դմանիսիի և Ախալքալաքի շրջաններում կաթնամթերքի վերամշակման երկու գործարան կկառուցվի՝ անհրաժեշտ սարքավորումներով հագեցած:
Հիմնադրամի միջոցները կօգտագործվեն «Ապագայի իրականացում» պետական ծրագրի շրջանակներում բարձրլեռնային գոտում գրանցված գյուղատնտեսական կոոպերատիվների ֆինանսավորման, ինչպես նաև բարձրլեռնային շրջաններում արդեն գործող կաթի վերամշակման գործարանների համար համապատասխան սարքավորումներ գնելու համար:
2019 թվականին Վրաստանի կառավարությունը հաստատեց Վրաստանի բարձրլեռնային բնակավայրերի զարգացման հնգամյա ռազմավարությունը, որը մշակվել է լեռնային շրջանների զարգացման ազգային խորհրդի կողմից: Հիշյալ հայեցակարգն ուղղված է բարձր լեռնային համայնքների կայուն զարգացմանը, բնակիչների սոցիալական աջակցությանը և ծառայությունների հասանելիության աճին:
Վրաստանում բարձրլեռնային կարգավիճակ ունի 1 731 բնակավայր և գրանցված՝ 246 012 մշտական բնակիչ: