Ստեփանծմինդայի հիվանդանոցում գտնվող ՀՀ քաղաքացին, ով ձնահոսքի պատճառով կիրճում էր հայտնվել, լրագրողներին պատմել է սարսափելի րոպեների մասին։
Մարինա Խաչատուրյանն ասել է, որ իր փրկվելը հրաշք է համարում․
«Մեքենայով գնում էինք, հանկարծ ձորում հայտնվեցինք, սկսեցի գոռալ, մրսում էի, փորձում դուրս գալ։ Վարորդն օգնեց ինձ, ուժերս սպառվում էին, ոստիկանություն եկավ, նրանցից մեկն օգնեց դուրս գալ, հիմա շատ ավելի լավ եմ զգում»։
Խաչատուրյանն այս պահին էլ բուժում է ստանում Ստեփանծմինդայի բժշկական կենտրոնում, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Վարորդը տեղափոխվել է Թբիլիսիի հիվանդանոցներից մեկը, նա ոտքի կոտրվածք ունի։
Հիշեցնենք՝ նախօրեին վրաց -ռուսական սահման տանող՝ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին ձնահոսքը մարդատար ավտոմեքենան հրել-նետել է կիրճը։ Ուղևորներից մեկը՝ ՌԴ քաղաքացի կինը տեղում մահացել էր։ Երկրորդ ուղևորը՝ ՀՀ քաղաքացին ու մեքենայի վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել։
Ավելի վաղ Շրջակա միջավայրի պահպանության գործակալությունը զգուշացրել էր եղանակային պայմանների վատթարցման մասին, նաև տեղեկացրել, որ լեռնային հատվածներում մեծ է ձնահոսքերի կուտակման ու սահքի վտանգը։
Լուսանկարը՝ Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության ֆեյսբուքյան էջից