Մեկնարկեց ՀՀ սփյուռքի հարցերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակության երկօրյա այցը Սամցխե Ջավախք: Պատվիրակությունը հանդիպել է Սամցխե Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլիի հետ:
Ամիրանաշվիլին ընդգծել է հարևան երկրների դարավոր հարաբերությունների կարևորությունը՝ շեշտելով, որ Հայաստանի սփյուռքի հարցերի հանձնակատարի այցը էլ ավելի կնպաստի բարեկամական հարաբերությունների խորացմանը։
Հանդիպմանը, ինչպես նաև այցի ողջ ընթացքում Սինանյանին ուղեկցում է Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Ադիգենիի մեծամասնական պատգամավոր Գիորգի Կոպաձեն, Ախալցիխեի քաղաքապետ Զազա Մելիքիձեն և փոխքաղաքապետ Ռուբեն Կարապետյանը:
Սամցխե Ջավախքի այցի օրակարգում է նաև հանդիպում Ախալցիխեի հայ համայնքի հետ, այց Ախալցիխեի թիվ 103 հայկական հանրային դպրոց, Սբ․ Գրիգոր լուսավորիչ եկեղեցի, ինչպես նաև այց հայաբնակ Ծուղրութ գյուղ: Վաղը պատվիրակությունը կմեկնի Ախալքալաք: